«Ամուր ծիլը» – Անուշ Գասպարյան

«Ամուր ծիլը» – Անուշ Գասպարյան

– Եվ օրվա կադրը ԱՄՆ-ից, – հաղորդում էին հեռուստատեսությամբ, – փոքրիկ տղան, ով անցնում էր ճանապարհը, խուսափել է վտանգավոր վթարից, իսկ դրանում նրան օգնել է հայազգի հռչակավոր գրող Ջորջը: Նրա հերոսական վազքը ցնցել է ամբողջ համացանցը….

Իսկապես, բոլորը դրա մասին էին խոսում: Ջորջը բոլորիս հպարտությունն է, չկա Հայաստանում այնպիսի մեկը, ով չի լսել նրա անունը: Բոլոր դարերում հայերի տաղանդի մասին շատ է խոսվել, մենք հայտնի ենք եղել մեր շնորհներով: Այս անգամը ևս բացառություն չէ: Ջորջին բացի իր խոհեմ մտքերից, որոնք նա զետեղում է իր երկերում, արդեն զարդարում էր մի սխրանք: 

Իրականում զարմանալի չէ Ջորջի այս քայլը, չէ՞ որ նա ծնվել է մեր գյուղում: Ջորջը, կամ ավելի ճիշտ կլինի ասել Գևորիկը, մեր գյուղի մեծերի երջանկությունն է, իրենց ժպիտի պատճառը, բոլորը հիշում են, ինչպես էին խաղում այդ փոքր ու խելացի տղայի հետ, ինչպես էր նրանց սրամիտ հարցեր տալիս, նոր-նոր գրքեր կարդում ու պատմում իր սովորածը բոլորին: Գևորգի ծնողները շատ ընկերներ ունեին գյուղում: Նրանք հարգված մարդիկ էին, գյուղական ինտելիգենցիայի կարկառուն ներկայացուցիչներ, իրենց տղան, անկասկած, նույնպես ուսման ձիրք պիտի ունենար: Ուսուցիչներն էլ են լավ հիշում Գևորգին, թեև ընդամենը  3 տարի է սովորել մեզ մոտ, դրանից հետո էլ նրանք մեկնեցին Ամերիկա:

Մեր գյուղում թերթ կա, որ գործում է դեռ 1990-ական թվականներից։ Այդ թերթում գրվել են պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքների, սխրանքների մասին, հին համարներում լուսանկարները շատ քիչ են, բայց մեր գյուղի լրագրողները չեն խնայել իրենց բառապաշարը և ճարտար լեզուն, այնքան գեղեցիկ են ամեն ինչ նկարագրել, որ ոչ մի պատմիչ, ոչ մի ականատես այդքան ճշգրիտ ու տրամադրող նյութ չէր գրի: Նրանց շնորհիվ մենք՝ երեխաներս, ճանաչում ենք մեր գյուղի պատմությունը, ճանաչում ենք այն մարդկանց, ումով գյուղը կարող է հպարտանալ, և իսկապես հենց նրանք են ամուր պահել մեր հիմքերը, ապահովել մեր այսօրվա կապույտ երկինքը:

Թերթում գրված է ոմն Սմբատի մասին: Ասում են, որ նա մեր տան դիմացի տնակում է ապրել: Դե երևի այդ տարիներին շատ մեծ տներ էլ պետք չեն եղել, Սմբատն էլ մենակ էր ապրում, նրան մի քանի սենյակն էլ բավարար էին: Թերթում գրված է, որ նա չի ենթարկվել հրամանատարին, երբ վերջինս հրամայել է սպասել, նա զգացել է մոտալուտ վտանգը և մի քանի ընկերների հետ կարողացել է կանխել այն սեփական կյանքի գնով: Նա իսկապես մենակ էր, եթե գյուղի թերթը չլիներ, մեր գյուղի լրագրողները զբաղված չլինեին որոնումներով, Սմբատը կմոռացվեր, ոչ ոք արցունք չէր թափի նրա աճյունի վրա, այսօր էլ ես զգացմունքների մեծ տարափ չէի ունենա՝ իր տնակի բակում կանգած: Հաճախ եմ այնտեղ լինում: Տանը, դպրոցում, բակում, փողոցներում այնքան աղմկոտ է: Մեր գյուղում բոլորն իսկապես ապրում են, կյանքը եռում է, բայց այդ աղմուկի մեջ ինձ ոչ ոք չի լսում: Եվ միայն այդ լքված բակում, որտեղ մոլախոտերը ծածկել են դեպի տուն տանող արահետը, աղմուկ չկա: Բակի մուտքը այդքան էլ հեռու չէ ճանապարհից, որով անցնում են մարդիկ, մեքենաները, խանութների աղմուկն է լսվում, բայց այստեղ լռություն է: Հենց այստեղ, այս լռության մեջ ես կարող եմ վստահ լինել, որ ինձ կլսեն: Ես այստեղ չեմ խոսում, մտածում եմ միայն, այստեղ այնքան լուռ է, որ թվում է մտքերս էլ են լսվելու: 

Սմբատի տետրը, որում նշումներ է արել ծառայության ժամանակ, դրված է իր տանը՝ սեղանի վրա: Մի օր ես չդիմացա ու տուն մտա, բացեցի այդ տետրը և հիմա ավելին գիտեմ, քան մյուս երեխաները: Տետրը բացելուն պես պարզ է դառնում՝ որքան լավատես, խելացի և գեղեցիկը հարգող երիտասարդ է եղել: Էջերը ձևավորված են հասարակ մատիտով, բայց շատ գեղեցիկ ու նուրբ, անվանի գրողների տողերի կողքին գրված են նաև իր մտորումները: Խորն էին նրա հոգին ու գիտակցությունը: Տետրի միջից մի նամակ եմ գտել, բայց ինձ թույլ չեմ տա բացել ու կարդալ ուրիշին ուղղված նամակը: Այսօր նկատեցի, որ ծրարի վրա գրված է՝ «Քույրիկիս»: Ես ոչինչ չհասկացա, ինձ պատմել են, որ Սմբատը որբ էր, հարազատներ չուներ, բայց եթե ինքն ուներ քույր, այդ դեպքում ինչու՞ նա չի գալիս այստեղ, կարգի չի բերում այս տունը, չի վերցնում այս տետրը և ինչու՞ չի եկել Սմբատի հուղարկավորության արարողությանը: Իսկ եթե ինքն էլ տեղյակ չէ… Այդպես հնարավո՞ր է, կարո՞ղ է այդպես պատահել: Գուցե երկուսն էլ որբ են և Սմբատն ինքն է գլխի ընկել, որ երկրորդ որբուկն իր քույրն է: Ես այնքան հարցեր ունեի ու վարկածներ իմ գլխում, որ անմիջապես վազեցի գյուղամեջ՝ պապիկիս մոտ, նա այս ժամերին միշտ այնտեղ է լինում: Պապս շատ բան գիտի մեր գյուղի ու գյուղացիների մասին, նա պիտի որ պատասխանի իմ բոլոր հարցերին…

Ինչպե՞ս գլխի չէի ընկել, ախր շատ եմ կարդացել Ջորջի գրքերը, իհարկե իր տոհմում պիտի մեկը լիներ նույնքան տաղանդավոր ու բարի, փաստորեն իր Սմբատ քեռին է այն մարդը, որ ինձ նույնքան շատ է ոգևորում, որքան Ամերիկայում ապրող Գևորգը: Իրենց մտքերը, ապրումները իսկապես նման են, ինչպե՞ս է հնարավոր: Ես չդիմացա ու բոլորին պատմեցի նամակի մասին: Ինձ շատ վատ էի զգում, որ ինչ-որ մեկի անձնական փաստաթուղթ եմ գտել ու ներկայացնում եմ բոլորին, բայց ինձ ասացին, որ Սմբատը մեզնից բոլորի մեջ էլ ապրում է, մենք պետք է իմանանք նրա մասին ամեն ինչ, որ կարողանանանք հաջորդ սերունդներին էլ փոխանցել նրա պատմությունը: Իսկ նամակում նա բարևում ու ջերմ համբույրներ էր ուղարկում իր քրոջը, որն իր մասին չգիտեր էլ: Ասում էր, որ ինքը լավ է ու մեղավոր է զգում, որ ճշմարտությունն իմանալով էլ տեղը տեղին եղբայրություն չի արել իր քրոջը, և նա ստիպված է եղել ուրիշների մոտ մեծանալ ու վաղ տարիքում ամուսնանալ: Բարևում է նաև իր փեսային: Սա իր կողմից գրված միակ նամակն էր, որն այդպես էլ չհասավ հասցեատիրոջը. Սմբատը զոհվեց: Եվ նույն տարին իր քրոջ որդին ծնվեց՝ Գևորգը… Սմբատը վերածնվեց, ծնվեց հենց իր քրոջ մոտ, որ միշտ պաշտպանի ու սիրի նրան:

Այս կիրակի տպագրվեց գյուղի թերթի նոր համարը, որում կար հոդված Սմբատի ու Գևորգի ազգակցական կապի մասին: Ես այն կարդացի մեծ հետաքրքրությամբ, չնայած այդ տեղեկությանը լիովին ծանոթ էի: Գյուղում խորհուրդ էր գումարվել, որոշել էին Գևորգի մասին հոդվածը հրապարակել, չէ՞ որ նա բոլորի համար էր կարևոր՝ հատկապես վերջին դեպքերից հետո: 

Մյուս ամառ Գևորգը և իր ծնողները եկան գյուղ: 20 տարի անց սա նրանց առաջին այցն էր: Գյուղացիների ոգևորությանը չափ չկար, Գևորգի մայրն էլ չէր կարողանում զսպել իր արցունքները: Նրանք և՛ ուրախ էին, և՛ հպարտ, և՛ հուզված: 

Ես շատ եմ սիրում մեր գյուղը, բայց էլ ավելի սիրում եմ մեր գյուղի բնակիչներին: Մենք նման ենք մի մեծ ընտանիքի, միասնական ենք ու հզոր, մենք բոլորս ճանաչում ենք գյուղի հարստությունները, պատմական վայրերը, տեղյակ ենք մեր պատմությունից ու կերտում ենք այն այսօր: Վստահ եմ, որ Սմբատն էլ կռվելիս մտածում էր հատկապես գյուղի, այն պաշտպանելու մասին: