Եթե ես… – Արտավազդ Սաֆրազյան

Եթե ես… – Արտավազդ Սաֆրազյան

Մեր դպրոցի երկրորդ հարկի լայն միջանցքում ցուցափեղկ կա` «Հերոս տղերքը մեր»… Այստեղ Արցախյան պատերազմում անմահացած մեր շրջանավարտների մեծադիր լուսանկերներն են նաև… 

Մի օր տեսա, թե ինչպես Նարեկի ժպտադեմ լուսանկարի առջև մոր գրկից նրա երկամյա որդին, թաթիկներն առաջ պարզած, աղաչում է` «գրկի՜, գրկի՜»… Ապա դառնում է հեծկլտացող մորն ու զարմանում, զայրանում, բողոքում, ճչում։ Ասելիքս ու անելիքս չիմանալով` դուրս փախա` փոքրիկի ճիչն իմ ականջներում։ 

Եթե ես ամենազոր լինեի… 

Իսկ փոքրիկ քաղաքիս փողոցներում տեր ու տնօրեն էր աշունը։ Նա անարգել ճեմում էր մայթերին ու սահյանական թախիծ թափում մայթեզրյան ծառերի ճյուղերից, ավելի ուշ` խաշամը քշում-տանում հեռու՜-հեռու։ 

Մելիք-Թանգու փողոցը դեպի դպրոց է տանում. այն անցնում է Վահագնենց բակով։ Այստեղ Հայաստանի և Արցախի դրոշներն են,պատին` Վահագնի մեծադիր դիմանկարը, կողքին` մշտարթուն մի ցայտաղբյուր ու ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր… 

Մի բուռ դարձած տատը ամեն օր ավլում է շուրջբոլորը, փխրեցնում ծաղիկների հողը, երկար-երկար, անարցունք զրուցում թոռան հետ։ Վահագնը Մատաղիսի հերոսներից է։ Ամեն առավոտ` զանգից առաջ, նա է մեզ ողջունում։ 

Եթե ես ամենազոր լինեի… 

Կիրակին մեզ անձայն եկեղեցի է տանում. Արարչին պատմելու, նրան լսելու պահանջ ունենք։ Իսկ այստեղ պսակադրության օրհնություն է։ Աստծո ծառան սրբորեն կատարում է իր պարտքը։ Շուրջս եմ նայում, ժպիտ որոնում։ Ու ի՜նչ եմ տեսնում. նորափեսան չունի աջ ձեռք և ձախ ոտք։ Ամոթխած, թույլ ժպտում է նորահարսը. ես նրա վիրավոր ժպիտից ազդվում եմ։ Բոցկլտացող մոմի առաջ աղոթքս մոռացած` թաքուն լաց եմ լինում ու դուրս փախչում։ 

Եթե ես ամենազոր լինեի… 

Եթե ես ամենազոր լինեի, ինչպես… ո՞վ… ՄԱԿ-ի գլխավոր քարտուղա՞րը, ԱՄՆ-ի նախագա՞հը, Հռոմի պա՞պը, ՌԴ-ի նախագա՞հը, մեր վարչապե՞տը… ո՞վ… ո՞վ… Ո՞վ է, որ այսօր կասի. «Կա’նգ առ, պատերա’զմ, Արցախում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբանանում, մոլորակի բյուր անկյուններում։ Ու՞ր ես, հողագնդի’ ամենակարողներ, կույր ու խու՞լ եք, թե՞ չեք ուզում տեսնել հեծկլտացող մայրերին, նրանց արյունաքամ որդիներին. մի՞թե դուք չունեք մայր, որդի, եղբայր»։ 

Ակամա հիշում եմ մեծն Սահյանին,որի անզորության ճիչն են մարգարեական տողերը. Ի՞նչ պատահեց, այդ ու՞ր հասար, Ասա’` ես ի՞նչ անեմ, Բե’ր ցավերդ, հոգնա’ծ աշխարհ, Դի’ր շալակս` տանեմ… 

Աղաչում եմ տատիկիս, պապիկիս, ծնողներիս հողագնդի բոլոր երեխաների անունից` միասին իջեցնենք պատերազմի վարագույրը, ապա նրա վրա մեծատառերով գրենք` խաղաղություն։ 

Եթե ես ամենազոր կամ կախարդ լինեի կամ մի հրաշագործ փայտիկ ունենայի, նրա օգնությամբ Նարեկի գիրկը կտայի որդուն, ապա ժպիտով կողողեի հեծկլտացող մայրիկին։ Սուրբ Հովհաննեսի բակում և ընդարձակ սրահում զուռնա-դհոլ կթնդացնեի, քոչարիի երկար շարքում նորահարսն ու փեսան կպարեին, ընկերներով իրար կձայնեինք ու դպրոց կշտաեինք` պայուսակներն ուսած։ Մեզ հետ կլինեին Վահագնը, Վարդանն ու Գրիշան, Արմանն ու Տարոնը` հերոս տղերքը մեր։

 Չէ’, չեմ հավատում հեքիաթներին. արդեն մեծ եմ և գիտեմ, որ ինքս կարող եմ կանխել պատերազմները։ Որոշել եմ տիեզերագնաց դառնալ. գիտեմ երազանքս իրականություն դարձնելու ճանապարհը` լավ սովորել, խորանալ տիեզերքի և տիեզերանավերի գաղտնիքների մեջ, ստեղծել այնպիսի ամենագնաց տիեզերանավ, որը ժամում կհաղթահարի միլիոնավոր կիլոմետրեր։ Հետախույզի հմտությունները կօգնեն գտնել օջախները վտանգավոր և տիեզերքից վնասազերծել դրանք: 

Այցի կգամ Սահյանի շիրմին, երփներանգ ծաղիկներ կբերեմ ու կասեմ. -Ննջի’ր խաղաղությամբ, իմ մե’ծ ուսուցիչ, աշխարհն էլ ցավեր չունի…

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *