Եթե ես հիմա` որպես նորահարս,
Քո պատմությունը, ինչպես քող, դեմքիս
Կանգնեմ առաջդ,
Ինձ տեր կլինե՞ս։
Հետո ես թեքվեմ համայն աշխարհին,
Պատմեմ փոքր մարմինդ ներսից պարուրող քո տիեզերաչափ, խոր հոգու մասին,
Նայեմ Սևանի պես կապույտ աչքերիդ,
Մի պահ ամաչեմ ու հպարտանամ,
Որ իմն ես հավետ,
Ձեռքս կբռնե՞ս ու բաց չես թողնի։
Հետո կփարվեմ քո բազուկներին,
Որ, մեծ չեն, բայց կուռ են էնպե՜ս…
Ինձ պինդ կգրկե՞ս։
Հետո բարակ ու նուրբ մատներս ես կսահեցնեմ խարտյաշ ու փարթամ գանգուրիդ միջով, որ գոնե դու էլ իմ սերը զգաս…
Դեմքիս հայտնված թեթև ժպիտով կվիրակապեմ վերքերը ներսիդ,
Հետո, մի բուռ արցունք հավաքած,
Կմաքրեմ կարմիր գիրը ճակատիդ։
Ու մատներովդ` զենքից կոշտացած,
Դու կբարձրացնես քողը երեսիս,
Խաղաղ երկնքի կարոտից ճաքած
Քո վես շուրթերով կհամբուրես ճակատս լուսե,
Ու հետո կտանք հավերժի երդում
Խաղաղության մեջ, կամ` պատերազմի
Հարստության մեջ կամ` աղքատության
Դու ինձ Տեր ես միշտ, ես քեզ` հնազանդ,
Իմ սե՛ր, Հայաստան։
Add Comment