«Կարոտ…» – Գոռ Աղամիրյան

«Կարոտ…» – Գոռ Աղամիրյան

Ծաղիկներն աղբամանում են. թա՛րմ ծաղիկները… Բայց զգացմունքները հենց այնպես աղբամանը չես նետի: Աղբամանները ժամկետանց իրերի համար են և ոչ երբեք` անժամկետների: Հաջորդ օրը` նոր փունջ, վերջնական հանգրվանը` անփոփոխ. Աղբաման: Դե ինչ, պնդաճակատն է երևում, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ հալվայով պաղպաղակ չեմ:  Երրորդ օրն անտարբեր վերցրեց փունջն ու չնետեց աղբը, պատկերացնու՞մ եք, չնետե՛ց… Դե, համենայն դեպս, իմ ներկայությամբ: Կարծում եմ` արդեն իսկ լավ առաջընթաց է, գուցե ցիլինդրավոր ալեհեր ծաղկավաճառի համար այդքան էլ չէ, բայց դե` բոլորին չես գոհացնի: Գիտե՞ք` էդպես էլ չհամակերպվեցի ժամանակաշրջանի հետ, որում ստիպված եմ օրացույցի էջերը թերթել: Օնլայն նամակների, ածխագույն ծանոթությունների ու անհպում ժամադրությունների ժամանակաշրջան… Չէ՛, ինձ համար չէ: Նախընտրում եմ չհնացող կլասիկան` փնջեր, մերժումներ, աղբամաններ. նույնը կրկնել մինչև Սկիզբը, մինչև անժամկետը:

– Գու՞ցե ծանոթանանք վերջապես:

– Բավարարվենք միայն ծաղիկներով, – ընթացքից վերցրեց մեկնված փունջն ու ժպտառատ հայացք փոխանակեց ընկերուհու հետ: Այս անգամ հարազատ դարձած ծաղկավաճառը կապտերանգ երիցուկներ էր առաջարկել. կարծում եմ` հավանեց:

Իհարկե, միայն ծաղիկներով չբավարարվեցինք. Մեկ հայացք, երկու ժպիտ, երեք համբույր ու անթի՜վ փնջեր աղբամանում: Հենց էսպիսին էր սկիզբը, մերի սկիզբն ու միայն մե՛ր սկիզբը:

Քիչ չեն կյանքումս գործած սխալները, բայց մեկն է ցավագինն ու անկրելին. կախվածությունը… Չպետք է այդպիսի շռայլություն թույլ տայինք մեզ, այն էլ մի վայրում, ուր երկարատև երջանկության մասին երազելն անգամ միամիտ է ու անհույս: Խոսքը, իհարկե, առավոտյան ծաղկեփնջերի մասին չէ, այդ մեկն անվտանգ կախվածություն է (ոչ գրպանի համար գուցե): Բայց նրանից կախվածությունը լի էր ցավով, ինչպես ցանկացած արժեքավոր բան: Այն պատել էր գիտակցությունս բաղձալի ամբրոսի պես, խիստ դժվար էին տրվում օրերն առանց նրա, առանց ֆիզիկական նրա: Բաժանումը հեշտ չտրվեց, բայց վերադառնալու խոստումս առավելագույնն էր, որ կարող էի տալ. որ կարծում էի, թե կարող եմ տալ: Հստակ հիշում եմ այդ օրը. նստած էինք համալսարանի դիմաց, գլուխը ծնկներիս` իր գիրքն էր կարդում անդավաճան ունկնդրի համար, երբ դիմացներովս անցնող կինը բարձր ճիչ արձակեց ու վայր նետեց հեռախոսը: Անսպասելի էր նման պոռթկում տեսնել էմոցիոնալ դալտոնիկ ժամանակաշրջանում, մարմարե դեմքերի ու «իդեալականների» հասարակությունում: Շտապեցինք օգնության, ու վայրկենական արագությամբ մոլագարի դեմք ընդունած կինն աչքերը հառեց մեզ վրա` ասես անտեղյակ, թե ինչ է կատարվում, թե որտեղ է գտնվում: Շուտով փորձեց վերականգնել կենտրոնացումը, այլայլված աչքերով խժռեց մեր հայացքները, մեր ժպտացող հոգիները.

– Պատերազմ, պատերազմ է սկսվել: Ախր… Պատերազմ… Ախր տղաս այնտեղ…

Կինը շտապ կարգի բերեց իրեն ու արագ քայլերով հեռացավ իրականում ոչ այն ուղղությամբ, որով ի սկզբանե քայլում էր: Հենց էստեղ էլ դաժան գիտակցումը պատեց մեզ` չպետք է մեզ թույլ տայինք այդ շռայլությունը, կախվածությունը… 

– Չէ՛, չե՛ս կարող այդպես վարվել ինձ հետ:
– Պարտավոր եմ:
– Ոչ մեկին էլ պարտավոր չես, դու էստեղ ես ինձ պետք, խնդրու՛մ եմ, մի՛ գնա:
– Ինքդ էլ գիտես, որ չեմ կարող: Հիմա ես էնտեղ եմ պետք ու կլինեմ տեղում` ճիշտ ժամին, ամուր կանգնած իմ հողում. մեր հողում: Հույս ունեմ` կհասկանաս:
– Ո՛չ, չե՛մ հասկանա: Մի՛ արա ուղղակի, կամ… կամ մոռացի՛ր ինձ… հա՛, պարզապես մոռացի՛ր,- պարթևական նետը նպատակին չհասավ, գիտեի, որ չի գիտակցում խոսքերը, գիտեի, որ խոսացողը ինքը չէ:
– Կհասկանաս, անպայման կհասկանաս,- մոտենում ու պինդ սեղմում եմ մարմնիս, կրծքավանդակս այրվում է արցունքոտ աչքերից,- կվերադառնամ, չմտածե՛ս:

Կտրուկ թողնում եմ ու հեռանում, այլ կերպ չէի կարող… Ախր այդ կախվածությունը… Ախր այդ անիծյալ կախվածությունը, որը բքաշունչ կարոտի ծնողն է… Ա՜խ, այդ կարոտի ծնողը…

– Տղե՛րքս, չմտածե՛ք, լավ է լինելու,- ավտոբուսում խոսում էր մորուսավոր մի ծերունի, ում կյանքի փորձը համեմատական էր կնճիռների թվին,- մենք, ի տարբերություն դրանց, գիտենք, թե ինչի համար ենք գնում, մենք ունենք այն, ինչի համար` արժե՛ գնալ… թեկուզ և` միակողմանի ճանապարհով:

Գիտե՞ք` առաջ չէի ընկալում «կարոտ» բառն իր խորությամբ և կնախընտրեի այդպես էլ երբեք չընկալել: Ցավոք, ես տեսա կարոտն իր բոլոր երանգներով, ցավոք, ես զգացի կարոտն իր անգո գույներով: Ես զգացի կարոտը` ցեխերի մեջ պառկած, զգացի այն` բոթաբեր պայթյունների ներքո, զգացի այն` նույնիսկ երբ դադարեցի առհասարակ զգալ: Երբ նույնիսկ մեկ րոպե ազատ ժամանակ էր լինում, նրա մասին մտքերը արբեցնում էին գիտակցությունս. նրա արևագույն շրթներկը, նրա արևառատ ժպիտը, նրա արև աչքերը… Այդքան Արև մի տեղում, ինչպե՞ս չսիրահարվել, ինչպե՞ս չընկնել խորամանկ կախվածության թակարդը, ինչպե՞ս չկարոտել… Հույս ունեմ «Կարոտ» անվամբ այդ անիծյալ հիվանդությունը չի պատի նրան այսչափ դաժանորեն, հույս ունեմ նա կների ինձ չկատարված խոստման համար…

Ցիլինդրավոր ծաղկավաճառը մնաց նույնը, ամեն օր անդավաճան ծաղիկներ նվիրողն ու ստացողը փոխվեցին դերերով… Ծաղիկներն աղբամանում չեն… Ծաղիկներն այլ հանգրվան գտան…

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *