«Կարոտ», «Պատերազմ և խաղաղություն» – Արման Վարդանյան

«Կարոտ», «Պատերազմ և խաղաղություն» – Արման Վարդանյան

Թափառիկ երգ էիր մարմնիս թաքստարաններում պահ մտած,

պես արևելյան քամիների…

Հրաժեշտի նախօրեին թաց բառեր էին քո շուրթերը շեկ ավազին,

ու լուսաբացին առաջին համբույրից ջրհեղեղ դարձան,

նոր հասկացա՝ մենումիակ տապանս էիր…


Ծիսակարգ 

Գիշերվա եռման թոքերում,

Երբ մեռած անուններ են եռում,

Ծիսականորեն վառվում ու խռռում,

Եվ գոլորշիանում, որպես ուրվական բյուրեղվում լուսնի շաքար-այտերին,

Քո անունը,

Սե´ր,

Դուրս պրծած եռից`

Հիվանդ ու խանձված,

Մինչև լուսաբաց անհույս ոռնում է իմ պատուհանին,

Ու չի մահանում,

Ու չի մահանում…


Բանաստեղծությանս ձեղնահարկում պա´հ մտիր,

Մի բոլ լա´ց եղիր,

Ցավից ոռնա մի բո´լ,

Տողերովս սիրտդ վիրակապիր,

Դարձի´ր երգ,

Դարձի´ր լռին աղոթք,

Որ կրակեն` չցավի,

Հայրենի´ք խնկահոտ…


Գնամ ձյուն դառնամ,

Ձյուն դառնամ առաջին արցունքից նորածնի,

Նորածնի արցունքից աղոթահամ,

Գալարվեմ Երևան քաղաքն ի վեր,

Ու սրբեմ դռների շեմերից բոլոր

Հրաժեշտի ոտնահետքերը եռման,

Հրաժեշտի ոտնահետքերն արնածոր,

Ոտնահետքերը հրաժեշտի,

Ծա՜նր,

Արցունքի չափ մոր…


Ձմռան առաջին օրն է,

ու թողնել-գնալը

քո միակ սիրելի հոբբին է: 

Ձմռան առաջին օրն է՝

ես չեմ հասցնում  

քաղաքի  

բոլոր պատերին գրել,

որ անասելի անմարդկային է

լքել 

այս մահացու ցրտին: 

Ձմռան առաջին օրն է,

ու գուցե վերջին:

Ձյան մեջ կթողնեմ հոգիս…


Զգու՞մ ես,

Աշունն այժմ սովորականից ավելի խոնավ է,

մայրի´կ,

Տերևներն ինչու՞ են դողում ոչ թե տերևի,

Այլ կեսգիշերվա կրակահերթից լեղաճաք ձեռքի պես երեխայի,

Ինչու՞ է փողոցը կարմիր` զինվորի խանձված դեմքի նման,

Անձրևներն ինչու՞ են թափվում այսքա՜ն ծանր ու ժլատ,

Ինչպես արցունքը տղամարդու…

Հեռու տար կոշիկները մայրի´կ,

Հեռու´ տար,

Քաղաքում կքայլեմ բոբիկ ու կրունկների վրա,

Թռչնի թեթևությամբ,

Որովհետև ինչ-որ մեկի ցաված սիրտը այսօր աշուն դարձավ…


Սիրահա´ր երկիր,

Հիմա պիտի թաքուն սիրահետես խաղաղությանը,

Չէ՞ որ ծանր է խանդը պատերազմի,

Որին կարծես ամուսին կարգվեցիր օրինականորեն առաջին իսկ ապօրինի համբույրից…


…Եվ օրեր է մաղում սերը անձրևի պես,

Եվ աշնան նախամուտքում անկանոն հերթ է թախծի,

Եվ բանաստեղծությունը վիրավոր արնահոսում է սեպտեմբերն այս,

Հիշողության ձեղնահարկում մերկանում է դեղձին…

Իսկ ես բացակա,

Սոսկալի դեղին աշնան այս շքերթից,

Կեսգիշերվա մեջքին թիկնած,

Ծխում եմ անունը քո մանրամասն ու անբիծ…


….Քո բացակայությունն իսկզբանե ժամացույցի պես  մեխվեց տանս պատերին,

Հետո երբ աչքերս ավելի լայն բացեցի,

Հասկացա,

Որ ոչ թե քո բացակայությունն է մեխվել տանս պատերին,

Այլ տանս պատերն են մեխվել` քո բացակայությանը…

Այնուհետև ժամացույցին նայեցի ավելի լուսավոր դիտանկյունից,

Ու բացահայտեցի,

Որ ես հենց սկզբից ինքնակամ դարձել եմ 

Անընդմեջ ձնառատ գիշեր ազդարարող

սլաքը դրա,

Եվ չեմ զգում իմ ծանր ու խելառ շարժը նույնքան բնականոն,

Ինչպես չի զգում իր շարժը Երկրաբնակն արեգակի շուրջ պտտվելիս,

Հասկանո՞ւմ ես վտանգը,

Սե´ր իմ…


Հայրենակի´ց,

Ոչ թե,

Պատերազմն է շնթռած մեր կոպերի տակ,

Դրա համար չենք տեսնում երկինքը մեր ներսում,

Այլ չենք ջանում մեր ներսում երկինքը տեսնել,

Դրա համար պատերազմն ազատորեն շնթռում է մեր կոպերի տակ…


Երբ խոսում էիր ամենաանսպասելի աղետների մասին, 

Պապի´կ`

Պատերազմի և սիրո,

Ասում էիր, թե վերջինիս հետ պետք է միշտ ընկերության եզրեր փնտրել,

Սակայն մոռացել էիր զգուշացնել,

Որ երբեմն այդ ընկերությունը անկախ քեզնից լինում է այնքա´ն երկաթե,

Այնքա´ն քմահաճ ու ընդգրկուն,

Որ ոտքերիդ տակի հողի,

Տանդ պատերի

Եվ հազար տարվա շնչածդ օդի հետ կապվածության տեղ էլ չի մնում…

Սերը ազնիվ չէ պատերազմից,

Ինչո՞ւ ստեցիր ինձ պապի´կ,

Ինչո՞ւ ստեցիր կյանքին,

Սե´ր իմ…

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *