Ամառային երեկոներն ինձ համար գիրք ընթերցելու շիտակ ժամեր էին:
Ես նստում էի մեր այգում՝ թթան ծառի տակ և ընթերցում. մի քանի էջ կարդում էի՝ համբերելով՝, որ մի տեղ կանգ առնեմ, սկսեմ երգել:
Երգը տարերքս էր, թեև սոցիալական ծանր հանգամանքները հաղթեցին երգելուս մեծ ցանկությանը: Երբ հագենում էի անմշակ ձայնիցս, բայց դա երկար չէր տևում, որովհետև հիշում էի, որ այ այս աշուղի իմ ամենասիրելի երգը չեմ կատարել այսօր և շարունակում էի. երբ ավարտում էի, սկսում էի մեղմիկ արտասանել Սևակի «Մեզանից մեկը» ստեղծագործությունը. այս ամենն այնքա՜ն ներդաշնակ էր աստղազարդ երկնքին, և որ այս ամենը համալրվում էր երեք-չորս թռչունի կապակցված ծլվլոցով, դա պարզապես աննման էր: Անկեղծորեն սնվում էի արվեստի բույրով: Այսպես երեկոները կրկնվում էին, ես նորից այգում, նորից նույնը, բայց հավատացեք սիրտս չէր հատնում անել այս ամենն ամեն երեկո:
Հերթական անգամ նստեցի այգում գիրքը շարունակելու, սակայն այդ օրը երկինքը բոլորովին չէր գերում իր մռայլությամբ: Տատիկիս բրդե շալը ուսերիս գցած՝ գնացի ննջասենյակ՝ ընթերցանությունն այնտեղ շարունակելու: Գրքում հերոսները բնավ չէին հպատակվում հանգամանքներին, ճիշտ հակառակը՝ հանգամանքները ենթարկում էին իրենց՝ սեղմած պահելով իրենց երջանկությունը. վեպն ավարտվեց ցավալի կորուստներով, բայց նրանք ապրելու չափ համառ պայքարեցին իրենց սիրո համար. պահեցին իրար ամուր:
Անձրևը երկար գալիս էր. լուսամուտին գոլորշի էր առաջացել, մոտեցա և սկսեցի նկարել գոլորշու վրա, ստեղծվեց որևէ թախծոտ, աբստրակտ մի պատկեր, սկսեցի բացասականը շտկել նկարի վրա, փորձեցի դրականն էլ էլ ավելի լավը դարձնել, չէի ասի, որ չեմ հավանել «գոլորշով վրձնած» կտավս, բայց մասնագիտորեն էի մոտենում: Մի պահ նկարի հետևից մի ինչ-որ ստվեր երևաց, ձեռքերով արագ մաքրեցի լուսամուտը, սակայն ոչինչ չտեսա այլևս: Գուցե դա նա էր, գուցե տեսավ ինձ և չցանկացավ, որ ես նկատեմ իրեն և այդ պատճառով փախավ: Թախիծից ծնված անավարտ մտորումներս ինձ հանգիստ չէին տալիս, չմոռացա ստվերի մասին, այն ինձ հույս էր տալիս, հազվադեպ ապրեցնում էր նաև. անիրական երազանք ունեի, որ կշոշափեմ մի օր նրա ներկայությունը:
Մեր զրույցներն անավարտ մնացին, այդպես էլ չհասցրինք միմյանց ճիշտ կողմից ճանաչել: Մենք կիսատ թողեցինք իրար. կիսատ մնացինք:
Add Comment