Մեծ և փոքր աշխարհ – Մանե Հագեյան

Մեծ և փոքր աշխարհ – Մանե Հագեյան

Կա մի դուռ որը ներսից է բացվում, սակայն բանալին դրսում է։

Ինչ-որ մեկն ասել է, որ աշխարհը մեր շրջապատից բացի նաև այն ամենն է, ինչ կա մեր մեջ։ Հավանական է, որ խոսքը հին և նոր աշխարհների մասին է։  

Աշխարհը երբ էր ավելի մեծ՝ նախկինում, թե՞ այսօր։ 

Եկեք նայենք հերթականությամբ։ Ֆերնանդո Մագելան։ Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն, որի արդյունքում գործնականում ապացուցվեց երկրի գնդաձևությունը, և աշխարհը հռչակվեց «մեծ»։ Հաջորդիվ։ Մարդիկ հատեցին երկինքը։ Բացահայտվեց տիեզերքը, մոլորակները, արևն ու ուղեծիրը։ Շատ բան փոխվեց, օրինակ «աշխարհը» արդեն դարձավ երկիրն ու տիեզերքը միասին, և հռչակվեց «մեծ»։ Մարդիկ հասան արդյունաբերական, ավելի ուշ (բայց ավելի արագ տեմպերով) տեխնոլոգիական զարգացման, արդյուքում… աշխարհը հռչակվեց «մեծ»։ Այս փոթորկուն փոփոխությունների մեջ կրոնը միշտ կար և մնալով հաստատուն՝ սահմանեց իր դերն ու առաքելությունը՝ նայելով աշխարհին և մեծ հռչակելով Աստծուն։ Այսպես աշխարհը անընդհատ թարմացավ և փոխվեց մարդու աչքերում՝ նմանվելով շրջանին, որին որքան մոտենում ես, այնքան ավելի է մեծանում։ Սակայն եթե ընկղմվենք ավելի, ապա կտեսենենք այն, ինչից բխում է ցանակացած այլ հավանականություն։ 

Խոսքը լիովին տարբեր աշխարհների մասին է։ Եկեք դիտարկենք, որ աշխարհները երկուսն են (փոքր և մեծ),  դրանցից մեկը մարդու մեջ է՝ ներսում, մյուսը մարդու շուրջ՝ դրսում։ Մարդը կենտրոնն է։ Մեծ աշխարհում առկա տարրերը ուղղվում են դեպի ներս, հպվում ներսում առկա տարրերին, բախվում են, նորից բաշխվում և ստեղծում նոր մասնիկները։ Մեկն առաջացնում է հարցը, մյուսը՝ ուղորդում դեպի պատասխան։ Եվ այս տարրերի անկանոն բախման մեջ մարդը տատանվող մի անոթ է։ 

Մենք հազվադեպ ենք խոսում «այլ» մարդկանց մասին։ Մինչդեռ կյանքի անիվը նրանք են պտտում։ Ասում են աշխարհը տաղանդների է փնտրում։ Սակայն մեծ աշխարհը միայն թողած գործերն է գտնում, քանի որ անհատականության ընկալման համար այդքան էլ մեծ չէ։ Նման անհատները օտար են հասարակությանը։ Նման օտարները երբեք հասարակության մաս չեն դառնում։ Նրանք երևի կյանքինն են։ Նման անհատի մասին ասում են՝ «…նա վատ մարդ էր, բայց միաժամանակ մեծ մարդ»[1]։ Անհատը օտար է դառնում, երբ անտարբեր է, կամ երբ ուժեղ է։ Առաջին դեպքում դա տաղանդի չհասկացվածությունն է, երկրորդ դեպքում՝ վախը ուժի դրսևորումից. «ով երկար է նայում նրան, ակամա ենթարկվում է այն զգացումին, որ նրա առաջ գտնվում է մի ֆանտաստիկ, գերբնական արարած…»[2]։

Մեր խնդիրը երևի նրանում է, որ մենք կյանքը ընկալում ենք մեծ աշխարհով, բայց այն լոկ նեղ սահմանում է։ Մոտեցումները կարող են տարբեր լինել։ Բայց երևի չենք կարող սիրել, եթե այն ներսից չգա, երևի չենք կարող լինել արժանի, եթե ներսում արժեհամակարգ չունենանք։ Երևի չենք կարող հավատալ, եթե մեր մեջ հավատ չկրենք, և երևի չենք կարող նվիրվել, եթե համարձակություն չունենանք ընդունելու։ Ի վերջո չենք կարող ապրել, եթե ներսում ևս չլինենք։ 

Պատմության մեջ չի գտնվի մի դեպք, որտեղ այն չդրսևորվի։ Չի գտնվի մի հաղթանակ, որը հանուն մեծ աշխարհի չլինի (վերջին հաշվով), և որի կերտումը փոքր աշխարհինը չլինի։ Այնպես ինչպես մեղուն է պահում ծաղիկը, որպեսզի ապրի նրանում։ 

Ներսի և դրսի աշխարհներին կամ մեծ և փոքր աշխարհներին ոմանք հնարավոր է հավատան, ոմանք՝ ոչ։ Միգուցե աշխարհների այս խրթին հարցը ընկալման, միգուցե համեմատման մեջ է։ Միգուցե համեմատման են ենթակա ոչ թե աշխարհները, այլ դրանց ազդեցությունը մեզ՝ յուրաքանչյուրիս վրա յուրովի։ Միգուցե աշխարհները տարրալուծվում են, անցնում միմյանց միջով, բայց չեն խառնվում։ Միգուցե այս ամենը գալիս է ինչ-որ բան արդարացնելու։ Գուցե։

Կա մի ուժ, որը մեզ ստիպում է այս աշխարհում ամուր կանգնել ոտքերի վրա (և դա բնավ ձգողականությունը չէ)։ Մեր փոքր աշխարհի աշխարհայացքով, նրա աչքերով, մենք չափում ենք մեծ աշխարհը, և տեսնում ենք այնքան, որքան ի զորու ենք տեղավորել մեր մեջ։ Սա կարծես մի համեմատական է, որի մեջ երկու տարբեր բաներ չափվում են մեկը մյուսով։ Ու չնայած «մեծ» և «փոքր» պիտակավորումներին՝ համաչափությունը հավասար է, փոխներազդեցությունը նույնպես։ Հավատացե՛ք, «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետև այն ինչ դրսում է միաժամանակ նաև ներսում է»[3]։


[1] Սոմերսոթ Մոեմ, Լուսին և վեցպենսանոց,

[2] Թեոդոր Դրայզեր, Ֆինանսիստը, 

[3] Հերման Հեսսե, Ներսը և դուրսը,

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *