«Այս աշխարհի հայը» – Քրիստինե Սաֆարյան

«Այս աշխարհի հայը» – Քրիստինե Սաֆարյան

Հայը նման է գաղտնավանկի «ը»-ին. ոչ միշտ է երևում, բայց ձայնը միշտ լսելի է: Ես էլ չեմ երևում, բայց վստահ եմ՝ տողատակերում որոշ հատկանիշներ գտնելով՝ կվերագրեք նաև ինձ:

Հիշում եմ՝ դպրոցական միջոցառում էր՝ նվիրված Անկախության տոնին: Ես մի փոքրիկ աղջնակ էի, ով նոր-նոր էր քայլեր անում դեպի նոր կյանք՝ դեպի դպրոց: Այդ օրը ես ուշացումով եկա դպրոց: Ծիծաղելի կհնչի, բայց ամբողջ ճանապարհին, որն այն փոքրիկ աղջնակի համար այնքան երկար էր թվում, պատրվակներ էի մտածում, թե ինչպես բացատրեմ ուշանալուս պատճառը: Հասա դպրոց, և հորինածս պատրվակները հօդս ցնդեցին: Դպրոցի մուտքի մոտ հավաքվել էր մի հոծ բազմություն. վախեցա: Չեմ թաքցնի, միակ բանը, որ ինձ ծանոթ էր, հետևյալն էր.  «Հայոց երկրի, հա՛յ շինարար… », որը երգում էր մի գեղեցկադեմ պատանի: Հա՜, դա ավելի լավ եմ հիշում: Չմոռանամ Ձեզ պատմել նաև այն մասին, որ նրանք բոլորն այնքան նման էին միմյանց՝ գլխարկներով, կանաչ համազգեստներով, որոնց վրա այլ գույներ էլ կային, բոլորով ունեին նույն կոշիկներից, իսկ ուսերին՝ հրացաններ: Դա ինձ նորից վախեցրեց, մի քանի քայլ հետ գնացի և հարվածեցի ինչ-որ մեկին. պտտվեցի, խոստովանում եմ՝ ավելի ահարկու դեմք ուներ. հոնքերը և ոլորուն բեղերը ալեխառն էին, ինքը՝ հաղթանդամ: Բայց վախս զիջեց հետաքրքրությանս. ինձ ավելի շատ հետաքրքրեցին հագուստի վրա փակցված զնգզնգուն նշանները: Չհամբերեցի և ասացի նրան՝ գեղեցիկ հագուստ է: Նա պարզապես ժպտաց, և ես նորից խոսեցի.

– Պապի՛կ, ովքե՞ր են այս մարդիկ, ո՞վ ես դու, և ինչո՞ւ եք բոլորդ բարձր բղավում. «Հա՛յ եմ, հա՛յ եմ, հա՛յ եմ…», չէ՞ որ բոլորս ենք հայ, բայց չգիտեմ՝ ինչ է դա, միայն գիտեմ, որ ես էլ եմ հայ:

Այդ ջղային պապիկը, որ ուներ կիտած հոնքեր, ալեխառն և ոլորուն բեղեր, ինչպես Գևորգ Չաուշը, ժպտաց, ես էլ ժպտացի, չգիտեմ՝ ինչի համար։ Նրա աչքերում մի այնպիտի կայծ կար, որ հիացմունք էր պատճառում ինձ: Գրկեց, համբուրեց ինձ և ասաց. 

– Լսի՛ր, փոքրի՛կ հայուհի, ես էլ եմ հայ, իմ հա՛յրն էլ, որդի՛ս էլ, դո՛ւ էլ, և ինչքան մարդ կա այստեղ, նրանք բոլորն էլ հա՛յ են:

Իրավիճակն արդեն նյարդայնացնող էր, որովհետև ես չգիտեի, թե ինչու է կրկնում ու կրկնում, թե ի՞նչ է այդ հայը, և ինչու են բոլորն իրենց հայ համարում: Պապիկը մի բան էլ ասաց.

  – Հայ մնալը պարծանք է, հայը՝ կոչում: 

  – Իսկ ի՞նչ է կոչումը,- ընդհատեցի նրան:

Ասաց, որ դեռ փոքր եմ, չեմ հասկանա, և ճանապարհեց ինձ դասարան: Ես ոչ ոքի չասացի դրա մասին, կարծես դա իմ կյանքի ամենակարևոր գաղտնիքն էր, և ես այդ ամենը թաքցնում էի բոլորից այնպես, կարծես կոչումս գողանալու էին:

Անցան տարիներ… Եվ միայն այսօր եմ հասկանում թե՛ պապիկի ժպիտը, թե՛ նրա գեղեցիկ հագուստը, որի վրա փակցրված մեդալներին ես պարզապես զնգզնգուն նշաններ անվանեցի, հասկանում եմ նաև «հայ» բառի իմաստը լիարժեք և հիմնովին: Չկան առաջվա միամիտ աղջնակի անորոշ պատկերացումները: Տարիները հասկացրին նաև այդ պապիկի խոսքերը, որոնք հիշում եմ մինչև այսօր և սովորեցնելու եմ նաև իմ երեխաներին. «Հայ մնալը պարծանք է, հայը՝ կոչում»: Տարիներին զուգընթաց հասկացա նաև, որ այն կոչումը, որ պապիկը ինձ տվեց, պարզապես նվեր էր, որովհետև ես հիմա տեսնում եմ, որ այդ կոչումը կյանք արժեր: Տեսել եմ նաև, թե ինչպես է ամեն հայի մեջ հազար կարոտ խեղդվել, գաղթել հեռուներ՝ «Նարեկ»-ը ձեռքին, գաղթել, բայց չձուլվել, գաղթել՝ հավատը սրտում, գաղթել՝ վերադառնալու հույսով, որովհետև նրանք հայ են, իսկ ամեն հայի մեջ անտարիք սեր կա, որ աշխարհասփյուռ հային է ընծայված հավետ: Տեսել եմ, թե ինչպես է ամեն գաղթածի հետ հազարը երդվել հազար կարոտով կապվել հայ հողին: Բայց գիտե՞ք՝ ամենքիս մեջ պայքար կա, գոյության, հաստատակամության և ինքնության պայքար: Այո՛, դարեր շարունակ մենք մեր ստեղծագործ մտքի, տաղանդի, եզակիության, ինչպես նաև կռվի միջոցով էլի ու էլի հաստատել ենք մեր ինքնությունը, կերտել մեր եսը, լսելի դարձրել մեր ձայնը: 

Հայը աշխարհում, որտեղ էլ լինի, ճակատագիրը նրան որտեղ էլ նետի, իսկական հա՛յը, աշխարհի հա՛յը, չի ձուլվելու. նա կհնչի՝ թեկուզ չերևալով: Հայը նման է գաղտնավանկի «ը»-ին. ոչ միշտ է երևում, բայց երբ երևում է, ընտանիք, ընկերներ է ստեղծում և իր ընդունակություններով զարմացնում աշխարհին, աշխարհի հայը ընդմիշտ ընտիր ընծաներ է պարգևում այս աշխարհին: Սակայն երբ նրա հոգին խռովվում է, երբ նրա ընտանիքին, ընկերներին սպառնում են, ընդվզում է, դառնում ըմբոստ՝ ընդունակ ընդհատելու մարդկային կյանք:

Ես հա՛յ եմ, այս աշխարհի հայը, հպարտ եմ, որ հայ եմ: Հիշում եմ զնգզնգուն նշաններով համազգեստով պապիկի ասածը. «Հայ մնալը… »: Ինչո՞ւ մնալը, ինչպե՞ս թե մնալը… մի՞թե եթե հայ ես ծնվում, հայ չես մնում… հայ մնալը, հա՛յ լինելը կոչում է, և այդ կոչումով հպարտանալը բնորոշ է իսկական հային, այս աշխարհի հային…  

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *