«Պատերազմ և խաղաղություն» – Լենա Թաթևոսյան

«Պատերազմ և խաղաղություն» – Լենա Թաթևոսյան

Կարոտած հոգիս

Կոտրված սրտիս բեկորների մեջ,

Անունդ է դաջվել, իմ սուրբ հայրենիք,

Աչքերիս աղի արցունքների մեջ,

Ջրերդ են հոսում, անգին հայրենիք։

Կարոտով ապրող կյանքումս միայն

Քեզ եմ երազում, անուշ հայրենիք,

Եվ քայլելուց էլ սխալ եմ քայլում,

Քայլերս մոտդ են բերում, հայրենիք։

Իսկ ականջները ոչինչ չեն լսում,

Միայն անունդ է լսվում, հայրենիք,

Աչքերիս առաջ խավար է տիրում,

Խավարի մեջ էլ դու ես, հայրենիք։

Ձեռքերիս մասին չեմ ուզում խոսել,

Անունդ են գրում, հավերժ հայրենիք,

Ինչ էլ ես գրեմ, անպակաս ես դու,

Տողերիս մեջ ես, անգին հայրենիք։

Ցավս մեկն է իմ սրտում պահված,

Դա էլ հենց դու ես, իմ լույս հայրենիք,

Ցավիս անունն էլ կարոտ է հիմա,

Կարոտել եմ քեզ, չքնաղ հայրենիք։

Երազներս էլ են փոխվել այս պահին,

Այդտեղ էլ ես դու, իմ սեր հայրենիք,

Դու կաս ամեն տեղ, որտեղ որ կամ ես,

Դու դա լավ հիշիր, տանջված հայրենիք։

Հեռավորությունն էլ ոչինչ չի փոխում,

Մեկ է, սրտումս ես ապրում, հայրենիք,

Մի օր էլ հեռու չես լինի, գիտեմ

Ես քեզ մոտ կգամ, իմ թանկ հայրենիք։

Սպասիր, խնդրում եմ, երբ էլ որ լինի,

Մի օր հաստատ ես կգամ, հայրենիք,

Իսկ եթե չգամ, իմացիր հեռվից

Աղոթքս է քեզ հետ, հրաշք հայրենիք:

Մնացի հեռվում իմ մեծ կարոտով

Քեզնից Հայրենիք մնացի հեռու,

Կարոտիդ ցավը հանգիստ չտվեց,

Իմ սիրո երկիր` երկիր Նաիրյան,

Օտար ափերում անունդ հնչեց։

Թե լինեմ անգամ տերը աշխարհի,

Բայց ճանապարհս քեզ մոտ չբերի,

Անկեղծ եմ ասում կարոտը սրտիս,

Մոտդ կբերի հեռավոր հեռվից։

Կգամ հայրենիք որպես մի աղջիկ,

Ով ողջ աշխարհում հանգիստ չի գտել,

Տվել է անունդ ամեն մի կետից, 

Իմ լուսե երկիր, երկիր Նաիրի։

Կգամ որպես պոետ` տխուր իմ գրչով,

Կգամ, որ քեզնից նոր տողեր ստեղծեմ, 

Կգամ, որ ասեմ` կներես երկիր,

Որ հեռու եմ ես հողից քո անգին։

Կգամ որպես սեր՝ վերքերդ բուժեմ,

Որ նրանց դիպչելուց էլ ցավ ես չապրեմ,

Կգամ որպես թուր` որ պայքար մղեմ,

Կորցրած հողերդ Մեծ Հայք ես բերեմ։

Ու թե կրկին բախտս ինձ ժպտա,

Ու հեռուներից մոտդ ինձ բերի,

Ժպտուն աչքերով քեզ բարև կտամ,

Ու սերս ամբողջ նվեր կթողնեմ։

Ու թե կորստի ցավը քեզ տանջի,

Կորցրած հողերդ հետ բերել ուզես,

Իմացիր որ մենք քեզ հետ կտանջվենք,

Ու թշնամու դեմ մենք կմարտնչենք։

Ես չեմ կորցնում իմ հույսը վերջին, 

Հայրենիք իմ սուրբ` նորից կծաղկես,

Ու երբ ես հեռվից հետ գամ քեզ այցի,

Խնդրում եմ ժպիտով ինձ դիմավորես։

Երկիր Նաիրի, կարոտի երկիր,

Մեր այն տղերքն էլ հաստատ ետ կգան,

Ովքեր քո փառքի համար գերիներ դարձան, 

Բայց ՀԱՅ լինելը երբեք չուրացան։

Կարոտ

Կտրված հողից իմ պապենական, 

Քայլերս են սառչել հողում այս օտար,

Կարծես գնում են գեթ մեկ ուղղությամբ, 

Որը կոչվում է՝ հող իմ ՀԱՅԱՍՏԱՆ։

Լռել են տողերս ցավից ՀԱՅ ազգի,

Պայթել է սիրտս կորուստներից մեծ,

Եվ իմ մտքերն էլ ինձ հետ չեն արդեն,

Հողումս են պահվել՝ նրան նվիրվել։

Փշրված սիրտս կարոտից դաժան,

Էլ չի բաբախում առաջվա նման,

Նա կանգ է առել հողում իմ հայոց,

Մնացել է նա մի փոքրիկ երկրում։

Մի փոքրիկ երկիր, որն ունի մեծ սիրտ,

Որն ունի զինվոր՝ երկիրն այդ պահող,

Ու ունի նա հող, ներկված արյունով, 

Հպարտ զինվորի մեծ սխրանքներով։

Օտար լեռներին աչքերս հառած,

Նրանք լցվել են արցունքով ցավի,

Եռագույնն են ամենուր տեսնում,

Քանզի իմ սիրտը հենց դա է ուզում։

ԵՎ համր եմ դարձել ձայներից օտար,

Քանզի մտքումս մի ձայն է ապրում, 

ԵՎ դա ձայնն է այն հերոսի մոր,

Ով ուժեղ գոռաց` որդուս եմ ուզում։

Հետ բերեք դուք ինձ օրերը խաղաղ,

Հետ բերեք ազգիս տղերքին ընկած,

Հետ բերեք երկրիս հողերը կորցրած,

Հետ բերեք Շուշիս` տեսնել եմ ուզում։

Հետ բերեք` այո, բայց ոչ արյունով,

Բայց ոչ զինվորի սուրբ կյանքի գնով,

Բայց ոչ մայրերի ծով արցունքներով,

Բայց ոչ իմ սրտին ցավ նվիրելով։

Պատերազմ և խաղաղություն

Վազվզում եմ փողոցներով, 

Խաղաղություն եմ ես փնտրում, 

Բայց աշխարհի ամեն կետում, 

Ռումբի պայթյուն եմ ես լսում։ 

Ասում են ինձ խաղաղ ապրիր, 

Պատերազմից դու մի դողա, 

Աղավնիներ դեռ պիտ թռչեն,

Հայրենի երկինքը քո դեռ զարդարեն։ 

Բայց չեմ հավատում ես այդ խոսքերին,

Առանց զենքերի մղված պայքարին, 

Շատ ենք երազել, որ խաղաղ մնանք, 

Եվ այդ պատճառով չենք մղել պայքար։ 

Հասկացեք մարդիկ ոչ ոք այս կյանքում, 

Առանց պայքարի խաղաղ չի ապրի, 

Եվ թե չզինվենք ու զենք չբռնենք, 

Սև պատերազմից պրծում մենք չունենք։ 

Ու գուցե մեկ օր զենքերը լռեն,

Բայց ցավը ազգիս չի լռի երբեք, 

Գուցե երկիրն էլ խաղաղվի մեկ օր, 

Բայց հոգիներս վստահ եմ՝ երբեք:

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *