«Այս աշխարհի հայը» – Մհեր Սանոսյան

«Այս աշխարհի հայը» – Մհեր Սանոսյան

– Ո՞վ ես, անունդ ի՞նչ է։
– Մեսրոպ է անունս, ուսուցիչ եմ։
– Աա՜, լսել եմ, լսել։ Ասում են՝ կյանքդ ժողովրդիդ ճակատագրի պես է եղել՝ թուրդ, խաչդ ու գրիչդ մեկտեղ են եղել։ Իրար չէ՞ին խանգարում։
– Դա էր ելքը։
– Դժվար չէ՞ր։
– Պետք էր…
– Աչքերդ բարի են, ժպտուն, իմաստուն։ Սարերի շունչ եմ զգում։ Ո՞վ ես։
– Օհաննեսն եմ։
– Աստվածային խոր հանդարտություն ես ճառագում, ինչպե՞ս։
– … (լռություն)
– Ինչպես կարողացար լինել և հային մոտ, բայց և շատ վեր նրանից։
– Հայից վեր երբեք չեմ եղել։ Հայի կողքին եմ եղել։
– Իսկ սի՞րտդ։ Ասում են՝ սիրտդ ուրիշ էր։
– Մարդու սիրտ էր։
– Վերջը հասկացա՞ր աշխարհքի կան ու չկան, չարն ու բարին։
– Իմը բացատրելն էր։
– Ի՞նչ տարար քեզ հետ։
– Իմը թողնելն էր։
– Երջանիկ եղար՞։
– Երջանի՞կ…

– Խրոխտ կեցվածք ունես, ո՞վ ես, որտեղի՞ց ես։
– Զինվոր եմ։ Գարեգին է անունս։ Նախորդ դարից եմ։
– Զինվորի նման չես։ Գիտեմ, հիմա կասես, թե ուսյալ, խոստումնալից իրավաբան էիր, ստիպված ես զենք վերցրել։
– Չեմ ասի, զինվոր եմ։
– Հենց դա՞ ես ժառանգել սերունդներիդ՝ հավերժական զինվո՞ր լինել։ Ինչու՞։ Գիտեմ, հիմա կասես՝ ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտավորականի կողքին։ Կասե՞ս։
– Ասել եմ, կասեմ։
– Գուցե քաջե՞րն էին քիչ։
– Քաջեր միշտ էլ կան, քաջերին զենք է հարկավոր… 

– Կուշտ հայացք ունես, ո՞վ ես։
– Ես․․․ հայ եմ։
– Ճանաչեցի, էն ոսկեքսակը դու՛ ես։ Ինչու՞ չարեցիր։
– Ես․․․ ես որբերին․․․ ես մանկատներ․․․ արել եմ, ինչ կարողացել եմ․․․ 

– Քիչ էր։ Մանկատներ բացելը քիչ էր, մանկատներին դպրոցնե՛ր էին պետք, որբերին կերակրելը քիչ էր, կրթել ու զինել էր պետք։ Նրանց գենի հիշողություն էր պետք, ոչ միայն մի շերեփ տաք թանապուր… 

– Տեսնում եմ վճռականություն, վրեժ։ Ո՞վ ես։
– Անունս Սողոմոն է։
– Ուշացած չէ՞իր, Սողոմո՛ն։
– Մեղավոր եմ։ Հավատում էի։
– Հիմա հանգի՞ստ ես։
– Կուզեի հանգիստ լինել… 

– Ինչու՞ ես հայացքդ փախցնում, ո՞վ ես։ Սպասիր, սպասիր, այդ դու՞ ես, վաղուց չէինք հանդիպել։
– Ես քեզ չեմ ճանաչում։
– Փոխարենը ես եմ քեզ լավ ճանաչում։ Դու ամեն տեղ կաս։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դու միշտ քաջի թիկունքում ես ու վախկոտի առջևում։ Ուզածդ ի՞նչ է։ 

– Փա՜ռք, իշխանությու՜ն։
– Դրա համա՞ր ես ծախում ու ծախվում։
– Ուզում եմ լավ ապրել։
– Հանուն ինչի՞։ Չգիտե՞ս, որ դավաճանին օրհնանք չկա, նրանը անեծքն է։ Իսկ անեծքի բեռը ծանր է, սերունդներդ են քարշ տալու…

– Աչքերումդ ցավ եմ տեսնում, տառապանք, նաև՝ ժպիտ։ Ո՞վ ես։
– Հարյուրամյա հայն եմ, ում արմատախիլ արեցին ու նետեցին անապատները, բայց ես ապրեցի ու մի օր հետ վերադարձա։ Հիմա այստեղ եմ…
– Քո աչքերում էլ շփոթմունք կա, բայց նաև կարոտ։ Քեզ է՞լ են արմատախիլ արել։ – Չէ՛, ես․․․ ինքս․․․ իմ կամքով․․․ 

– Ի՞նքդ, ինչու՞։
– Վախենում էի։
– Ինչից՞։
-Անորոշությունից։
– Հիմա է՞լ ես վախենում։
– Շաա՜տ։
– Հիմա՞ ինչից։
– Արմատներս օդում են մնացել, քամիներից եմ վախենում․․․

– Ջահել ես, աչքերդ փայլում են, ո՞վ ես։
– Անունս Մհեր է։
– Որտեղի՞ց ես եկել։
– Այստեղ եմ ծնվել։
– Քամիներից չե՞ս վախենում։
– Արմատներս խորն են։
– Իսկ արմատախիլ արվելու՞ց։
– Ուզում եմ չվախենալ։
– Դրա համա՞ր ես մնացել։
– Երևի։
– Ի՞նչ ես ուզում։
– Ուզում եմ երազանքս նպատակ դառնա, նպատակս՝ իրականություն։ Ուզում եմ կարողանալ․․․
– Ջահել ես, աչքերդ փայլում են, կկարողանա՛ս։ 

– Կարո՞ղ եմ մի հարց էլ ես տալ։
– Հարցրու՛։
– Իսկ դու՞ ով ես։
– Ես խիղճն եմ, նախնիներիդ խիղճը, հայի խիղճը։
– Իսկ մեզնից ի՞նչ ես ուզում։
– Այդ դուք եք անվերջ ինձ տանջում ու կեղեքում։ Չեք թողնում հանգիստ մնամ, չեք թողնում մաքու՜ր մնամ։
– Ուրեմն երազում ես մաքու՞ր լինել, դրա համա՞ր ես ինձ կանչել։
– Գուշակեցիր։ Ուզում եմ օգնես ինձ ու քեզ։ Ուզում եմ ուշադիր նայես այստեղ հավաքվածներին, լսես, ծանրութեթև անես ու բաց թողնես թե՛ նրանց, թե՛ ինձ։ Ուզում եմ բաց թողնես, բայց և չկորցնես, ուզում եմ չչարանաս, բայց և չներես, ուզում եմ հիշես ու դասեր քաղես, ուզում եմ կրթվես ու զինվես, նորանաս ու զորանաս, քանի որ նոր աշխարհին նոր հայ է պետք։ Ուզում եմ գենդ մաքրես, մեջքդ ուղղես, միտքդ պարզես, մարմինդ մարզես։ Ուզում եմ այսօր արթնանաս ու ինձ ուրիշ աչքով նայես՝ բարեկամի պես։ Ուզում եմ՝ արթնանաս։ Արթնացի՛ր, Մհե՛ր։

1 Comment

  • Զեմֆիրա Posted January 11, 2023 4:56 pm

    Հրաշալի, խորը ու տպավորիչ։
    Երկար ճանապարհ ունես գնալու, բարի երթ։

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *