«Եթե ես…» – Նարե Ավետիսյան

«Եթե ես…» – Նարե Ավետիսյան

Ես հող էի, եթե ես հող էի, ապա նաև հայրենիք, սերմ դարձա, ծլեցի ու իմացա՝ ես ցորեն եմ, ուրեմն ալյուր կդառնամ, կողմնորոշվեցի՝ հաց։ Ես հաց եմ։ Պատերազմից հետո ալյուրի գույնը ավելի սպիտակեց, միջի «քարերը» հանեցին, ու հացը դարձավ ավելի փափուկ։ Ինձ կերան։ Մի մասը աղոթելուց հետո, և ես ավելի քաղցր դարձա, մյուս մասը չաղոթեց, բայց էլի սուրբ համարեցին ու կուլ տվեցին ճոխ սեղանների շուրջ, կամ էլ, երբեմն միայն ջրով։ Ես ամեն օր հաց եմ։ Ինձ թխում են։ Ամեն առավոտ հունցվում եմ սևացած մատներով՝ երակները դուրս, քարի ու հողի հոտով ձեռքերից, որն էլ ինձ մաքրում է բոլոր տեսակի մեղքերից։ Եկեղեցում գինու մեջ թաթախում են, աղոթելով դնում հավատացողների ու չհավատացողների բերանը․ Սովորաբար այդ օրերին ինձ երկար են ծամում, աղոթելով։ Ինձ ուտում են և՛ գողերը, և՛ ավազակները, և՛ դավաճաններն ու ոճրագործները, բայց ես նորից կշտացնում եմ նրանց լայն ստամոքսները, որովհետև ես հաց եմ, իրենք էլ հայ։ Քաշքշում են մեկը մեկի ձեռքից, տալիս մեկ-մեկու, հետո բաժանում մասերի։ Ինձ ազգիս պես բաժանում են, յուրաքանչյուրը վերցնում իր բավարար բաժինը։ Չնայած թե՛ հացը, թե՛ ազգս նույն հողից։ Եթե ես լինեմ հող, հետո ցորեն, հետո ալյուր, վերջում էլ հաց, ուրեմն ես մարմնացել եմ, որովհետև բոլոր թխած հացերը մարմնացած հայրենիք են։

Եթե ես․․․ Եթե ես լինեմ հաց։ Ես քո սրբացած հայրենիքն եմ, Կամ, եթե ուզես մայրենիք, ՈՒ դու իմ հողի զավակն ես, Իմ կավը չթրծված սրտի։

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *