«Ես և մեր վաղը» – Միլենա Իսմայիլյան

«Ես և մեր վաղը» – Միլենա Իսմայիլյան

Սեպտեմբերի 27-ն էր. առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում թուրքերը հանկարծակի կրակ արձակեցին Ստեփանակերտի վրա։ Ես ընդամենը մեկ-երկու ամսվա ծառայող էի, որ պատերազմը սկսվեց։ Կռվի առաջին իսկ օրվանից ինձ ու եղբորս տարել էին ամենաթեժ կետերը։ 

Ա՜խ, այդ քառասունչորս օրը վախի մեջ ենք ապրել։ Կռիվը թեժ էր, վախը սրտումս կծկվել էր։ Ընկերներս կողքս զոհվում էին, սիրտս մղկտում էր ցավից, բայց զինվել էի պայքարով ու առաջ էի շարժվում։ 

Ամեն րոպե եղբորս ասում էի. 

– Հարու՛թ, հանկարծ չվախենաս, ես քո հետ եմ, ու ոչ մի րոպե քեզ մենակ չեմ թողնի, լսու՞մ ես:

– Հա՜, հա՜, ախպերս, իրար հետ եկել ենք, իրար հետ էլ կգնանք։

Եղբորս ամուր գրկեցի, ու էդ պահին մեր դիրքերում հակառակորդը երկու տանկ պայթեցրեց։ Մի քանի րոպեի ընթացքում ամենը պատվել էր մշուշով։ 

Այդ պահին մեր հրամանատարը բղավեց.

– Կրա՛կ:

Մենք առաջ շարժվեցինք։

Մի քանի ժամ էր՝ կրակոցները չէին դադարում։ 

Եվ այսպես մի քանի օր շարունակ։ 

Վիճակը ծանր էր։ Մի առավոտ էլ մեր հրամանատարը եկավ ու ասաց. 

– Մենք շրջափակման մեջ ենք, ու մոտ երկու հազար զինվորից բաղկացած զորք է գալիս մեզ վրա, ընդամենը հինգ րոպե ժամանակ ունենք, վիճակը բարդ է, այստեղից չենք կարող դուրս գալ։ 

Հրամանատարի խոսքից հետո բոլորը միաձայն աղոթում էին, ու այդ աղոթքի բառերը տարբեր ձայներով լսվում էր։ Ես էլ էի աղոթում ու ասում. 

– Աստված ջան, շնորհակալ եմ քո տված կյանքի համար, խնդրում եմ ընտանիքիս հետ եղիր, Աստված ջան, պահի՛ր, պահպանի՜ր մեզ։ 

Եվ ես այդ հինգ րոպեն տրամադրեցի աղոթքիս։ Ու հետո, երբ ժամանակը լրացավ, չգիտեմ ինչպես, թուրքերը նահանջի հրաման էին տվել ու հետ քաշվել։ 

Ուշ գիշեր էր արդեն։ Այդ պահին մեզ ասեցին, որ նստենք մեքենան և վիրավորներին զորամաս իջեցնենք, ու որ հաջորդ ջոկատը բարձրանա դիրքեր։ 

Հրամանատարն ու մի քանի զինծառայող մնացին դիրքերում. նրանց հետ էր նաև եղբայրս, իսկ ես, բժիշկն ու մի երկու ծառայողներ վիրավորներին պետք է իջեցնեինք զորամաս։ Ես չէի ուզում եղբորս մենակ թողնել, ուզում էի, որ նա նույնպես ինձ հետ գար, բայց հրաման էր, ոչինչ չէինք կարող անել։ 

Մոտ գնացի, եղբորս գրկեցի ու կամաց ականջին շշնջացի.

– Հարու՛թ, լսու՞մ ես, տղեքին տանում եմ տեղ հասցնեմ ու շուտ գամ, հանկարծ չմտածես: Լսու՞մ ես, Հարութ ջան, շուտ հետ կգամ, ախպերս։

Ասացի ու արցունքները աչքերիս եղբորս ճակատը համբուրեցի։ 

– Հա ախպերս, դու էլ չմտածես, տղերքի հետ դիրքերն ենք պահում, գնա՛, էն տղերքն օգնության կարիք ունեն։ Հա՜յկ, խաչս վերցրու, հիշի՜ր, մտքով ամեն պահ ես քեզ հետ եմ:

Երբ լսեցի այդ խոսքերը, եղբորս ամուր գրկեցի։

Արդեն տղաներին մեքենայի մեջ էինք տեղավորել ու իջնում էինք։ Բժիշկը ճանապարհին իր ընտանիքի մասին էր պատմում, բայց ինչ անեի, մտքերիս հետ էի, ամեն րոպե Հարութն էր մտքիս, անսպառ կարոտը խեղդում էր ներսից։ Երբ մտածում էի եղբորս մասին, խաչը գրպանիցս հանում էի, համբուրում, խնդրում էի Աստծուն, որ եղբորս հետ լինի, ու էլի դնում էի գրպանս։ Մեզ բոլորիս թվում էր, թե ճանապարհը խորդուբորդ է, բայց ոչ ոք չէր նկատել, որ վարորդը վիրավոր էր, արյունահոսում էր ու էլ ի վիճակի չէր վարելու։ 

– Վա՛րդգես, Վա՛րդգես, այ տղա Վարդգես, վե՛ր կաց, քեզ ի՞նչ եղավ։ 

Հայ՛կ, էն շշով ջուրը տո՜ւր։ 

Ես ջուրը փոխանցեցի բժշկին, և նա ջուր էր ցանում Վարդգեսի երեսին, որպեսզի կարողանանք ուշքի բերել։ 

Երբ բժիշկը նրա սրտի աշխատանքը ստուգեց, արդեն ամեն բան հասկանալի էր, Վարդգեսը մահացել էր, շատ էր արյուն կորցրել,  և չկարողացանք նրան ոչ մի կերպ հետ բերել։ 

Ճանապարհի կեսին կանգնած էինք, վտանգավոր գոտի էր, և ես առանց մտածելու նստեցի ղեկին և մեքենան վարեցի դեպի մեր զորամասը։ Ճանապարհը երկար էր, տղերքից մեկը տուն էր զանգել, մայրն էդ ոնց էր անհանգստացել: Երբ իրենց խոսակցությունները լսում էի, մորս էի հիշում, կարոտում։ 

Երբ խոսեց և ավարտեց, տղերքից մեկը՝ Հակոբը, որ մեր միջի կարճն էր (դե մարմնով էլ լղար էր, դրա համար իրան Ճուտո էինք ասում), ասաց. 

– Տղերք, չեք պատկերացնի թե ոնց եմ մորս պատրաստած թխվածքները կարոտել։

– Ճուտ ջան, բա եղա՞վ, ախորժակ ես բացում, ա՜յ ախպեր։

Բայց եթե անկեղծ ասեմ, ես էլ մորս պատրաստած ճաշերն եմ կարոտել, ամեն օր ես ժամերին ընտանքիով հավաքվում էինք սեղանի շուրջ, մայրս էլ արագ-արագ սեղանն էր գցում, հենց ճաշերը հերթով բերում էր, հորս հետ մի ուրախ երգ էինք երգում, բոլորիս տրամադրությունը էն ոնց էր բարձրանում։ 

– Վայ Գևորգ ջան, մի մտածի ախպերս, էսա կռիվը պրծնի, բարով խերով ամենքս հասնենք մեր տուն ու մեր կարոտը առնենք։ 

Բայց էդ երգի պահը վատ միտք չէր գիտես, եկեք մի երգ երգենք։ 

– Հա տղերք, էս անգամ Ճուտոյի հետ համաձայն եմ։

– Յաա, Հովիկ ջան, դե կներեք էլի։

Ու էտ պահին տղերքը սկսեցին ծիծաղել։

– Լավ տղերք, եկեք մեր սիրած երգը երգենք, Աստված գիտի մեկել երբ կկարողանաք երգել, թե էլ չենք էլ հասցնի…

– Գևորգ ջան վատը մի մտածի, Աստված մեր հետ ա, սաղ լավ ա լինելու ախպերս։ 

– Դե սկսեցինք։

Տղերքը սկսեցին երգել, էտ ինչ ուրախ էին երգում, բայց դե ավաղ դա միայն դրսից էր, բոլորի ներսում ցավն ու վախն էր պարուրված։ 

– Հայկո ջան, դու ինչի՞ չես երգում։

– Չէ Ճուտ ջան, դուք երգեք, ես էլ ձեր երգը կվայելեմ, համ էլ ես մի քիչ բաղաձայն եմ ինչ երգեմ այ ախպեր։ 

– Վայ, նենց ասում ես բաղաձայն եմ, ոնցոր մենք էլ երգի բարձրագույն համալսարանն ենք ավարտել։

Էտ պահին տղերքը սկսեցին ծիծաղել։ Ու էլի շարունակեցին երգը։

Առավոտ շուտ զորամաս հասանք։ Արդեն իջնում էինք մեքենայից մեկել տենամ Հունան պապը ինձ մոտեցավ. 

– Հայկո ջան, բերեցի՞ք տղերքին։

– Հա Հունան պապ, ի՞նչ-որ բան ա եղել։

– Հայկ ջան, արի մի բան ասեմ էլի։

– Չէ Հունան պապ, բա՞ տղերքը

– Ճու՛տո, Ճուտո ջան գնա տղերքին կանչի թող գան օգնեն։

– Եղավ Հունան պապ

– Ի՞նչ ա եղել Հունան պապ։

– Հայկո ջան, Տիկոն էր զանգել, դե դիրքերում են չէ։

– Հա՞, էտ ինչ լավ ա, բա ինչ ասավ, ո՞նց էն տղերքը, Հարութս ո՞նց ա։

– Հայկո ջան…

– Ի՞նչ, Հունան պապ խոսա, ի՞նչ ա եղել։

– Հայկո ջան, ձեր գնալուց երկու ժամ հետո թուրքերը հարձակվել են։

– Չէ, չէ ի՞նչ ես ասում այ Հունան պապ, ո՞նց կարա նման բան լինի, ախր…

– Հայկո ջան, տղերքը ծանր վիրավոր են, ասավ երկու հոգին էլ զոհվել ա։

– Հարութս…

Ես էդ պահին միանգամից նստեցի մեքենան ու հետ էի բարձրանում դիրքեր։

– Հայկո՞, ու՞ր ես գնում, ի՞նչ ա եղել Հունան պապ

– Հակոբ ջան երեկ տղերքի վրա են հարձակվել, զոհեր ու վիրավորներ կան։

– Ի՞նչ, Հայկո սպասի, գալիս եմ հետդ։ Տղերք եկեք հետ ենք բարձրանում։

Ժամ, ժամ ու կես հետո տեղ հասանք։ Դիրքերը էդ պահին հանգիստ էր։ 

Ճանապարհի կեսին տեսանք, որ Տիկոն ու երկու զինվորներ տղերքին իջեցրին։ Հենց այդ պահին կանգնեցինք ու ես վազելով գնացի դեպի տղերքը։ Հակոբանք էլ իմ հետևից եկան։ 

– Ու՞ր ա Հարութս Տիկո։

– Հայկ ջան…

– Ու՞ր ա Հարութը Տիկո, հարցիս պատասխանի։

Տիկոն լռում էր, մեկ էլ Սևակը, որը թեթև վիրավորվել էր ասաց.

– Հայկ ջան, Հարութը իրա կյանքի գնով իմ կյանքն ա փրկել, Հայկ ես իմ ամբողջ կյանքով պարտական եմ քեզ։

Էդ պահին Սևակը ծնկեց իմ առջև ու սկսեց լաց լինել։

– Ի՞նչ, ո՞նց թե իրա կյանքի գնով։

– Հաա, իրա կյանքի գնով, կներես Հայկ, կներես… 

– Հարութ, Հարո՜ւթ ի՞նչի համար։ Որտե՞ղ ա ախպերս։ 

– Մի փոքր վերև Հայկ ջան։ Հայկ, հրամանատարն էլ ա զոհվել։ Մինչև վերջ պայքարում էին, բայց…

Ես վազելով գնացի նրանց մոտ, տեսա ճերմակ սավանով դիերը ծածկած էր, ձեռքերս դողում էին, բայց միևնույնն է մոտեցրի ու առաջին սավանը բացեցի, Հարութս էր, աչքերը այնքան անուշ փակել էր, կարծես քնած հրեշտակ լիներ, ծնկեցի նրա առաջ, գլուխս մոտեցրի կրծքին, գրկեցի անշնչացած մարմինը ու սկսեցի բարձրաձայն լաց լինել։ 

– Հարու՜թ, լսու՞մ ես ախպերս, կներես Հարութ, կներես, որ ուշացա, խոսք էի տվել, որ շուտ կհասնեմ, կներես Հարու՜թ, կներես… 

Տղերքն եկան շուրջս հավաքվեցին, բոլորն էլ ցավում էին թե՛ Հարութի թե՛ հրամանատարի համար։ 

Երկար ժամանակ եղբորս կողքից չէի գնում, տղերքը համոզեցին, որ իջնենք չաստ։

Ես Հարութիս գրկեցի ու իջա, տղերքն էլ հրամանատարին իջացրեցին ու օգնեցին, որ վիրավորները իջնեն։ 

Հաջորդ օրը զինադադար հայտարարվեց, պատերազմը վերջացել էր։ Էդ իմանալուց հետո տղերքը իրար գրկում ու լացում էին։

– Չեմ հավատում, տղե՜րք վերջացավ։

– Ճուտ ջան, արի գրկեմ ախպե՜րս։

– Հե՜յ տղերք ջան։

Բոլորը իրար էին գրկում, իսկ ես եղբորս խաչն էի համբուրում, Աստծուն խնդրում, որ հոգին լույսերի մեջ պահի։


Այս 44-օրյա պատերազմը շատերին խլեց, ոմանց էլ հաշմանդամ դարձրեց, բայց 44 օրով ոչինչ չավարտվեց, ցավն ու տանջանքը մեր բոլորիս սրտերին հավերժ դաջվեց։ 

Խոնարհվում եմ բոլոր նահատակների առջև։

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *