Լյուսի Սուչյան – «Պատերազմ և խաղաղություն»

Լյուսի Սուչյան – «Պատերազմ և խաղաղություն»

Մինչև չես կորցնում չես գնահատում, մինչև չի մթնում լույսի կարևորությունը չես հասկանում, մինչև չես պատերազմում չես հասկանում, թե ինչ հաճելի ու երանելի էր խաղաղությունը ։

Մենք գրեթե ամեն օր կարդում ենք գրքեր, հոդվածներ ու պատմվածքներ պատերազմի, դրա ընթացքում զոհված մարդկանց, նրանց ընտանիքների մասին, սակայն չէի պատկերացնում, թե այդ ամենը ինչ է նշանակում։ Կարդում, մի պահ լռում, ու առաջ շարժվում։ Բայց չենք մտածում, որ այդ ամենից հետո ինչ-որ մեկը էլ չի ապրում, այլ ուղղակի գոյությունն է քարշ տալիս։ 

Ճիշտ է, մեր ազգը իր ամբողջ պատմության ընթացքում պայքար է մղել հանուն իր գոյատևման, սակայն այդ ամենի իրական նշանակությունը մեզ ստիպեց հասկանալ 2020 թվականը։ 
Ես Լիան եմ կենսուրախ, ակտիվ, համառ ու մի քիչ էլ զգացմունքային։ Միշտ հպարտ էի, կամ հիմա էլ, այո` հիմա էլ։

Հայրս հայոց բանակի սպա էր, միշտ հպարտ էի, որ հենց իր աղջիկն եմ։ Ասում են մենք չենք ընտրում այն ընտանիքը, թե որտեղ ծնվենք, դա Աստված է որոշում։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ հենց այս ընտանիքն է ընտրել ինձ համար։ Հայրս ու եղբայրս այս աշխարհում ամենից թանկն են ու բացի նրանցից իմ կյանքում մեկն էլ կա, ով իրոք թանկ, կարևոր ու անգին է ինձ համար՝ Սևակը։ Եղբորս ընկերը. ով միայն բանակ գնալուց մի օր առաջ խոստովանեց, որ սիրում է ինձ ։

– Լիա մի վայրկյանով դուրս կգա՞ս: Կարևոր բան ունեմ ասելու։

– Վերև բարձրացիր։

– Սպասում եմ։ 

Միշտ այդպիսինն է եղել, միշտ իրենն է եղել վերջին խոսքը։ Իմ սիրելի եղանակն էր` մեղմ քամի, փայլող աստղեր և լուսին։ Իջա բակ ու տեսա, որ Սևակի մի քիչ մտահոգ, մի քիչ երազկոտ, մի քիչ էլ տխուր կանգնած էր։ Մոտեցա ու ուղղակի ժպտացի, չգիտես ինչի ։ 

– Սևակ, այ տղա Սևակ։

Գուրգեն պապն էր։ Մեր գյուղի եկեղեցու հարևանությամբ է ապրում ու գյուղի քահանայից լավ գիտի, թե ով երբ է եկեղեցի գալիս ու ինչի համար։ Սովորաբար եկեղեցի մտնելուց են խաղաղվում, բայց մեր գյուղի բնակիչները եկեղեցու դիմացի քարին նստած` Գուրգեն պապի հետ խոսելիս:

– Լիա, մի վայրկյան սպասի հեսա կգամ ։

Կանչում էր, որ օգնի նկուղի դուռը փակել։

– Լիա:

– Ի՞նչ էր ասում Գուրգեն պապը, օգնեցի՞ր:

– Հա, օգնեցի: Լիա, բայց հետդ կարևոր խոսելու բան ունեմ։ Չէ, ավելի ճիշտ մի հարց։ Լիա, կսպասե՞ս ինձ:

– Ի՞նչ ես խոսում Սևակ։ 

– Հա Լիա, ես քեզ սիրում եմ, կսպասե՞ս ինձ: 

Կարծես տիեզերքը փոխել էր իր կառուցվածքը։ Կարծես արեգակի տեղում, ամբողջ գալակտիկայի կենտրոնում, մենք երկուսով կանգնած լինեինք։ Ամբողջ աշխարհը մեր շուրջն էր պտտվում։ Չհասկացա, թե ինչպես այդ հաճելի տարերքի մեջ համաձայնեցի…համաձայնեցի սպասել։ Սպասել մինչև իմ զինվորը կվերադառնա։ Սպասել հավերժ։  

Հաջորդ օրը ճանապարհ դրեցինք Սևակին։ Միակ բանը, որ իրենից մնաց ինձ, մի շղթա էր, որը գնալու ժամանակ տվեց ու ասաց, որ միշտ մոտս պահեմ, որ իր ներկայությունը անվեջ զգամ։

Մի քանի ամիս անց:

Անվերջ Սևակին ու հորս էի զանգում։ Անասելի վատ զգացում ունեի։ Երկուսն էլ չէին պատասխանում։ Հասա տուն ու մորս հեռուստացույցի առաջ լացելիս տեսա։ 

– Մամ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լացում։ 

– Եղբայրդ …

– Ի՞նչ է եղել եղբորս Մամ։ Մամ։ Ի՞նչ է եղել:

– Կամավորագրվել է։

– Ինչի՞

– Լիա պատերազմ է։ Գնացել է հորդ մոտ։ 

Ամեն ինչ շուրջս պտտվում էր, չէի հասկանում ինչ է կատարվում։

– Մամ, իսկ Սևակից լու՞ր կա:

– Այո, Սևակը լավ է Լիա։ 

Մաման հազիվ էր խոսում, անվերջ լաց էր լինում։ Հայրս մարտական գործողությունների շատ էր մասնակցել, բայց սա ուրիշ էր։ Լրիվ ուրիշ։

– Մամ մի լացի, մենք պետք է հպարտ լինենք, որ հայրենիքի երկու պաշտպան հենց մեր տնից են։ Մամ դու միշտ հպարտությամբ ես ասել, որ գնդապետ Դանիելյանի կինն ես։ Հիմա ի՞նչ եղավ: Հ՞ն մամա։ Մամ, մենք պետք է ուժեղ լինենք, որ պապան ու ապերն էլ դրանից ուժեղանան, որ հպարտ վերադառնան։ Մեզանից ուժ ստանան ու պայքարեն։ Պայքարեն մեր, մեր հայրենիքի, իրենց ու մեր խաղաղ քնի համար։ 

Անուն…Ազգանուն…Հայրանուն 

Պատերազմի ընթացքում հեռուստացույցով ցույց էին տալիս այն մարդկանց անունները ովքեր զոհվել էին: Սա ոմանց համար միակ սփոփանքն էր, ոմանց համար էլ իսկական դժբախտություն։

Մայրս կարծես զոմբի լիներ՝ հեռակառավարման վահանակը ձեռքին՝ զգաստ կանգնած հեռուստացույցի առաջ, ամբողջ օրը լուրերին էր հետևում։ Ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, շարունակ լաց էր լինում ու կարդում զոհվածների անունները։ Ես այդ մի քանի րոպեի ընթացքում շունչս պահած նայում էի հեռուստացույցին, ուրախանում, որ Սևակի, հորս ու եղբորս անունները չկային։ Հետո ինձ ատում, որ այդքան զոհերի անունները կարդալուց հետո ուրախ էի։ Լացում էի։ Չէ միայն եղբորս, Սևակի և հորս համար չէ, այլ ողջ ազգի, բոլոր տղերքի համար։ Մեր ազգի ու այս չարաբաստիկ աշնան համար։ Նոր եղեռնագործության, որբ ու անժառանգ մնացածների համար։ Չէ՞ որ մի որբ էլ ես էի դասվում ու մեկ անգամ չէ այլ չորս անգամ էի որբանում։ Հետո հասկանում, որ պետք է հավաքվել ու տղերքի կողքին լինել: Մենք էլ պետք է պայքարենք այստեղ ։

Այս անգամ բաղտս չբերեց։ 

Հորս անունն էր ու եղբորս։ Իրար հետևից։ Քարացել էի, չէի շնչում, չէի լացում։ Սառել կանգնել էի, իսկ մաման լացում էր, գոռում, հեռուստացույցին խփում։ Հարևանները եկել մամային հանգստացրել էին, դեղ տվել։ Մաման քնել էր։ Ես ամբողջ ընթացքում կանգնած էի տան կենտրոնում։ Հետո միայն մի քանի ժամ անց սթափվեցի ու անկախ ինձանից վազեցի եկեղեցի։ Գյուղում բոլորը խոսում էին, նայում ինձ, ավելի ցածր խոսում։ Բայց հանկարծ Սևակի մոր գոռոցը հասավ ականջիս։ Հորս ու եղբորս անուններից հետո Սևակի անունն էր եղել։ Մայրս շուտ կոտրեց հեռուստացույցը, որ սիրտս չպայթեր։ Ես մինչև վերջ քայքայվեցի ու խոցվեցի։ Հազիվ կարողացա հասնել եկեղեցի, նստել Աստծո առաջ։

– Ինչի՞ Տեր Աստված, ինչի՞: Ինչի՞ բոլորին ինձանից խլեցիր ու մենակ թողեցիր։ Առանց պաշտպանի։ Ինչի՞ Ուր են եղբայրս, հայրս ու սիրածս տղան: Ինչի՞ տարար Տեր: Խնդրում եմ թող հետ գան մի ինչ-որ հրաշքով։ Գոնե մեկը։ Խնդրում եմ Տեր…

Մամայի մշտական տունը Եռաբլուրն է դարձել, ասում է. «Ես իմ հերոսների հետ եմ, ուրեմն իմ տանն եմ»։ 

Ես սովորում եմ համալսարանում՝ մորս այնքան պնդելուց հետո։ Բայց միշտ կիսատ եմ ու երբեք չեմ ամբողջանա ու ոչ մեկս չի ամբողջանա, որովհետև պատերազմը բոլորիս կիսատեց: 

Մի օր Գուրգեն պապը կանչեց, որ օգնեմ իջնի նկուղ։ Կանչեց այն նույն բանի համար ինչի համար Սևակին էր կանչել մեկ տարի առաջ ու ասել, որ երջանկացնի ինձ: Այս անգամ ինձ ասաց. «ԱՊՐԻՐ ՀԱՆՈՒՆ ՆՐԱՆՑ ՉԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻ։ ՀԱՆՈՒՆ ՆՐԱՆՑ ԹԱՓԱԾ ԱՅՐԱՆ։ ՀԱՆՈՒՆ ՆՐԱՆՑ ԿԻՍԱՏ ՍԵՐԵՐԻ։ ԱՊՐԻՐ ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՆՈՒՆ ՎԶԻԴ  ՇՂԹԱՅԻ, ՈՐ ԱՉՔԻԴ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՓԱՅՓԱՅՈՒՄ ԵՍ։ ԱՊՐԻՐ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԻՄԱ ՍՅՆ ՇԱՏ ԹԱՆԿ Է»։ 

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *