Մարդը, որը ապրել էր ուզում և միայն ուզում, և սիրել էր ուզում և ամենևին սիրված լինել չէր ուզում՝ աշխարհին մշտապես հայտարարում էր, որ նաև ամեն դեպքում կարոտել էլ չի ուզում, կամ ավելի ճիշտ ոչ թե չի ուզում, այլ հավատում է, որ այնպիսի բաներ, որոնք գոյություն ունենալ չեն կարող, չեն կարող նաև ուզելու պատճառ լինել իր համար։ Ու, երբ նրան կամացուկ, բայց և բաց հարցնում էին․ «Մա՛րդ, դու մամայի՞դ ես ավելի շատ կարոտում, թե՞ պապայիդ»` ասում էր, որ ոչ մեկին էլ չի կարոտում, նման բան չի զգում և չգիտի, թե կարոտել ի՞նչ է նշանակում։ Կռահելի է, որ Հարցնողը խիստ նեղանում էր, խոժոռում իր դեմքը ու իր ուզած պատասխանի կարոտը սրտում հեռանում։
Մարդը կարդալ չէր սիրում, գրել՝ շատ։ Նրան Հարցնողներ շատ էին պատահում և, փաստորեն գրելը դրա հետ ուղիղ համեմատական կախվածության մեջ էր, այսինքն նա ամեն մի Հարցնողի հետ ժամադրվելուց հետո անպայման մի բան գրում էր`գրիչով` ձեռքին կամ ճակատին։ Այսպես էր վարվում, որպեսզի մտածածը չասի, այլ կարդալ տա․ գուցե ավելի հարմար էր։ Հետո էլ մյուս օրերին ու հաջորդ շաբաթներին հանդիպում էին այլ հարցնողներ ևս, որոնք էլի մի երկու բան գտնում էին հարցնելու, ինչպես օրինակ․
«Ի՞նչ է ճակատիդ գրվաաաած»
«Ինչու՞ ես քեզ վրա գրում, Մարդ, գժվե՞լ ես»
«Ո՞նց կարդանք ձեռքերիդ գրվածները», – և մի երկու ծիծաղ։
Նա, ամեն դեպքում այս ընթացիկ երկու հարցով չշեղվելով, մտորում էր ու մտորում էր գլխավոր, առանցքային ու միակ էքզիստենցիալ հարցի շուրջ․
«Հ՞ն, վերջը մամայի՞դ ես ավելի շատ կարոտում, թե՞ պապայիդ»։
Մարդը գրում է։
«․․․Կարոտել բառը որևէ հույզ ինձ մոտ չի առաջացնում։ Իսկապես։ Անհնար է պատկերացնել, թե ինչպես է դա արվում, թեկուզ միայն իմ անձի սահմաններում։ Այս և մի շարք այլ պատճառներով կարիք զգացի կարդալու և կարդալու կարոտին ծանոթ կամ և անծանոթ այլ գրական ստեղծագործություններ՝ մի կերպ, փորձեցի հասկանալ կարոտելու առանցքները, կարոտ բառը՝ իբրև ծագումնաբանություն անցած մի երևույթ, որովհետև ամեն դեպքում խիստ կասկածանք ունեմ, որ Հարցնողը գուցե այն շփոթում է ավելի ուրիշ մի հույզի հետ»։
Այս գիշեր Մարդը հանգիստ քնել չկարողացավ։ Նա մեկումեջ հիշում էր իր սատկած գամփռին, լքած հայրենիքը, դրանց մասին իմանալու օրը, տարին, զգացածը և մի երկու-երեք մանրուք ևս։ Չէր հասկանում, թե կոնկրետ ի՞նչ պիտի զգա տեղի ունեցած երևույթի հանդեպ՝ հատկապես հետմահու, որ լավ լինի, որ ավելի լավ լինի, որ հարցնողների հարցերին պատասխանելու բան ունենա։ Վեր է կենում, ինչպես վերջերս հաճախ էր անում գիշերվա կեսերին, նստում անկողնու վրա ու հասկանում է, որ լավ առիթ է սրճելու, հետո Զևսին հիշելու, հետո մի երկու խոսք հայրենիքի մասին աղոթելու-գրելու, չնայած ոնց որ թե հավատացյալ լինելով չէր էլ փայլում։ Մարդու հավատքը սահմանափակվում էր միայն մի քանի հունական աստծո անուն իմանալով և իր սիրելի շանը, ոչ վաղ անցյալում, նրանցից մեկի անվամբ պատվելով։ Վեր է կենում անկողնուց, մոտենում գրասեղանին ու բացում նոթատետրը։
«Զևսը շուն էր հսկա ու գունեղ։ Ես նրան որդեգրել էի Հայաստան կոչվող հայրենիքիս հյուսիսներում ճամփորդելու ընթացքում, երբ հանդիպել էի փողոցային շների կացարանի։ Ախ այդ հայերը, որ կացարաներ են սարքում շների համար, իսկ իմ քաղաքում մարդիկ կան, որ շենքիս հարակից մայթեզրին են դեռ քնում, մեկ-մեկ հարբում հավաքած կոպեկների ու իմ նյարդերի հաշվին և աղմկում, աղմկում։ Ինչևէ, Զևսին այդտեղից եմ որդեգրել։ Այդ ժամանակ էլ Հարցնողները լավ պատրաստվել էին դիմավորելու ինձ հեռավոր ճամփորդությունիցս հետո՝ հենց օդանավակայանում։ Նախ ճշտեցին, թե ուր էի․ իմացան, որ արմատներիս եմ վերադարձ արել, հարցրին, թե ինչ անսիրտն եմ, որ այդքանից հետո վերադարձել եմ՝ ինչո՞ւ եմ վերադարձել, հետո էլ տեսան Զևսին, հարցրին՝ ինչ ցեղատեսակի է շունս, ասացի, որ հստակ չէ, բայց հայկական գամփռի որոշակի գեներ հաստատ կունենա, հետո հարցրին, թե ինչքան եմ վճարել շան համար, հետո երբ իմացան, որ որդեգրել եմ և ոչ գնել, ասացին, որ կարող էի գոնե ավելի օգտակար գործ անել, օրինակ՝ շան փոխարեն մի հայ երեխա որդեգրել ու պահել, որովհետև միևնույն է չեմ էլ պատրաստվում ամուսնանալ և շարունակում եմ ձուլվել այս կողմերում՝ իրենց հենց հայրենիքում։ Ես շնորհակալություն հայտնեցի բարի մարդկանց այդպիսի կամային դրսևորման համար, և ասացի, որ կօգտվեմ խորհրդից հենց այսօրվանից։ Հայաստանում գիդին ասացի, որ սպասեն ինձ, որովհետև ես ուզում եմ շների այդ կացարանով արագ շրջել, որովհետև սիրում եմ հավատարմություն։ Հենց առաջին սրահում տեսա Զևսին, տեսա, թե ինչպես է նայում վրաս․ տիրոջ կարոտ հայացքով ու «ես քեզ ամենևին չեմ վստահում, հիմար» ասող աչքերով։ Ես կարող էի անտեսել ու հեռանալ, և դա դժվար թե ինձ շատ ցավ պատճառեր, բայց ամեն դեպքում հայաստանցի շուն ունենալ ուզում էի, գոնե մենակ չմնալու մտքով։ Դրա համար որոշեցի նրան որդեգրել, անմիջապես։ Թղթաբանություն, ստորագրություն, ձեռքսեղմում, շնորհակալություն, ցտեսություն․ ամենը իմ կոտրված հայերենով։ Իհարկե, ես չէի սպասում, որ շները նույնպես կարող են մեռնել և գնալ քո կյանքից, ինչպես մարդիկ և դու ես սովորաբար անում, դրա համար շատ անհոգն էի ու ավելի երջանիկ էի»:
Մի խոսքով, նա գրեց ավելին, քան կար, և կար ավելին, քան գրեց։ Փաստորեն, ավելի կարևոր էր Մարդու համար այն, որ նա հիշում էր Զևսին և հիշում էր այն հայրենիքը, որին երկուսն էլ պատկանում էին ժամանակին, և որտեղից երկուսին էլ մի օր կտրեցին ու տարան ուրիշ շների ու ուրիշ մարդկանց հայրենիք։
Հաջորդ գիշեր նույնը եղավ։ Մարդը տառապում է քրոնիկ անքնությամբ, իսկ գուցե քրոնիկ մտածությա՞մբ, կամ էլ գուցե՝ քրոնիկ անհայրենիքությա՞մբ։ Բժշկի ախտորոշումը առաջինն էր ամեն դեպքում, իսկ նոթատետրն էլ հաջորդ գիշերներին հաստատում է նորից նույնը։
«Ես չեմ կարոտում, բայց կարոտից արտասվում եմ ու արթնանում գիշերվա կեսին։ Եթե այսպես շարունակվի ես ջնջել կտամ այդ բառի բոլոր և միակ իմաստը այս տիեզերքի բոլոր բառարաններից։ Ես հաշտ չեմ մեկ ուրիշ, ավելի ճշգրիտ երևույթին նման մի բնորոշման հետ։ Ես վախենում եմ ակնարկել, թե ինչ նկատի ունեմ։ Միգուցե Հարցնողն էլ վախենում է հենց նրանից, ինչ ես նկատի ունեմ, իսկ դա անելուց առավել ևս չի քաջանում, դրա համար էլ կարոտել բառը գլխացավանքը ազատելու մի հեշտ միջոց է սարքում, մի հեշտ փոխարինիչ ու դեղ անկարողության դեմ և մասին ու աջուձախ հայտարարում, որ կարոտում է սրան-նրան»:
Նման մի հաջորդ մտքաշարանից հետո Մարդը փակեց նոթատետրը ու գնաց լուսամուտի մոտ։ Նա նայեց քաղաքին ծխի մեջ և լսեց ձայնը թռչունի, ծխեց մի երկու սիգար ևս ու արտասվելով հետ գնաց խոհանոց։ Նա չէր սիրում ուտել, բայց սիրում էր խոհանոց և բազմոց, և գրքեր, որոնք շատ բաների մասին էին հիշեցնում, բայց կարոտի երբեք՝ ոչ։ Նա չէր կարոտում իր ամենասիրելի գրքի ոչ մի կերպարի և ոչ մի մտքի նա չէր կարոտում, և այն մարդկանց որ իր ընտանիքի անդամներն էին կոչված և, որ ժամանակին նստում էին այդ բազմոցին և ուտում էին մի երկու բան այդ խոհանոցում՝ նա չէր կարոտում։ Նա մեղավոր չէր էլ զգում։ Սա այլ բանի մասին էր գուցե, որ Մարդը դժվարանում էր նկարագրել։ Շարունակում է հաջորդ օրը ևս մի երկու թերթ։
«Եթե կարոտել չգիտեմ չի նշանակում, որ ավելի փոքր բան եմ զգում այն մարդկանց ու այն իրերի հանդեպ, որոնց երբեք չեմ կարոտում»:
Օրեր առաջ Մարդը հեռախոսազանգ ստացավ։ Լսափողի հետևում Վերոնիկան էր, նրա սիրելին։
– Մարդ, ես կարոտել եմ քեզ, իսկ դու՞, իսկ դու ինչպե՞ս ես, ինչու՞ զանգ չես տալիս, մենք այնքան ենք հեռացել իրարից, և խոսքը սոսկ նրա մասին չէ, որ դու Փարիզում ես, իսկ ես Մարսելում։ Ես նոր աշխատանքի եմ անցել և արդեն ավելի կայուն է վիճակս։ Ես ավելի զբաղված եմ դարձել, բայց և ավելի երջանիկ։ Բայց ես կարոտել եմ քեզ։
– Ողջույն, Վերոնիկա, սիրելիս։ Այո, լավ եմ։ Ուրախ եմ քեզ համար, սիրելիս, Վերոնիկա։ Ես քեզ չեմ կարոտել։ Ես, ես ․..
Վերոնիկան չնայած սովոր էր Մարդու նման բնույթին և արդեն, կարծես թե համակերպվել էր նրա այս խոսքերին, որոնք ավելի հաճախ էին դարձել Մարդու իրական հայրենիք գնալ-գալուց հետո, ամեն դեպքում արդեն անտանելի էին սիրող կնոջ համար, դրա համար այս անգամ ցավը սրտում Վերոնիկան դրեց խոսափողը ու այլևս զանգ չտվեց Մարդուն։
«Ամեն դեպքում ես խոստացել էի վերլուծություն, ինչ-որ լուրջ հետազոտություն։ Սակայն չթաքցնելով իմ «հատուկ» վերապահումային վերաբերմունքը ֆրանսիական մշակույթի և արվեստի հանդեպ, ես անազնվորեն հանձ եմ առնում վերլուծել իմ «մայրենի» լեզվով ներկայացվելիք արտահայտությունը, երբ ֆրանսիացիները կրկնում են ամեն օր և միշտ՝ իրար կարոտելիս, ինչպես Վերոնիկան երեք օր առաջ զանգ տվեց ու ասաց ինձ․ “Tu me manques”։
Ինչպիսի բացահայտում։ Այս արտահայտությունը, որ դուրս է պրծնում ամենայն վստահությամբ և առաքելություն իրականացնելու պես հպարտորեն, բառացիորեն նշանակում է. «դու պակասում ես ինձ»։ Սա ավելի է բացատրում իմ վեճը կարոտի հետ, հատկապես այս ժամանակավոր հայրենիքում։ Ես ոչ մի պակաս չեմ զգում դրա համար էլ կարոտելը ինձ համար իսկապես անհայտ մի զգացմունք է, հատկապես ֆրանսերենով։ Այս լեզվամտածողությունն է, որ ինձ մոտ խնդիրներ է առաջացրել այսքան տարիներ։ Դու ինձ չե՛ս պակասում, սիրելիս, Վերոնիկա, դու ինձ չե՛ս պակասում։ Ոչինչ ինձ չի՛ պակասում։ Եվ ես չեմ ուզում առհասարակ որևէ մեկի կյանքում պակասության զգացողությունը առաջացնողը լինել։ Ես հիշում եմ, թե ինչպես էի համալսարանական վերջին տարիներին հայրենիքումս մասնակցում ամենատարբեր միջոցառումների, կարդում պոեմներ ընկերներիս հետ, թափառում լեռներում, իսկ լուսաբացին նոր տուն վերադառնում։ Ես սիրում եմ այդ ամենը, բայց չէ՛, չեմ կարոտում, դա ինձ չի պակասում։ Հիմա, երբ տարիքս անցել է, և ես մոտավորապես հիսունմեկ տարեկան եմ՝ նման առօրյայի պակաս չեմ զգում, ինձ դուր է գալիս հիշողությունս Զևսի մասին և լռությունը իմ տան մեջ, դուր են գալիս հայրենիքի մասին մտքերս, որ արթնացնում են ինձ գիշերները։ Իսկ ինչ վերաբերում է այն ամենին, ինչ կարոտում են Հարցնողները ֆրանսերենով, և ոչ երբեք ես, այն պատճառով է փաստորեն, որ ինձ դրանք չեն պակասում, բայց և դրանք չեմ ուրանում և ոչ էլ գիտակցաբար անհիշողության մատնում․ ես, պարզապես ես, ինչպես և՛ Վերոնիկային, որին էլի չեմ կարոտում. սիրում եմ։ Գուցե այդպես պետք է ասեն Հարցնողները, երբ կարոտում են որևէ մեկին. ես սիրում եմ սրան-նրան, անձրև, ութերորդ դասարանիս օրերը երջանկության։ Ես դրանք սիրում եմ»:
Այս անգամ Մարդը, իսկապես առաջին անգամ վերադարձել էր արմատներին։ Նա գիտեր, որ հայ է և գիտեր, որ ցավի արդյունքում հայտնվել էր ֆրանսիայում ու ստիպված մոռացել մայրենին։ Ամեն դեպքում, նա չէր զգում այն պակասը, որը զգում էին իր հարևաններն ու ընկերները։ Նա չէր կարողանում ասել ես կարոտում եմ քեզ՝ ֆրանսերենով, որովհետև նա փոքրուց չէր զգում իր մայրիկի պակասը Հայաստանի մի փոքրիկ գյուղում ծնվելիս և դրանից հետո, նրան չէր պակասում հայրիկը, որ պանդուխտ էր դարձել՝ հացի կարոտը սփոփելու երազանքով, նա ուղղակի հայրենիքում էր, սիրում էր ամեն բան ու ամենքին, և գուցե՝ այո՛՝ մեկ-մեկ էլ կարոտում էր հայրիկին ավելի քան հաց։
Արդեն կեսօրն անց էր և սովից չմեռնելու համար նա ստիպված էր դուրս գալ տանից։ Հարցնողների կարոտ չէր՝ դա հաստատ, բայց ամեն դեպքում ուզում էր մի երկուսին հանդիպեր, որ պարզաբաներ ինչը` ոնց։ Առաջին պատահած Հարցնողը ոչինչ թարսի պես չհարցրեց, մյուսը արեց նույնը, երրորդը կրկնեց, իսկ չորրորդը արժանացավ Մարդու՝ կյանքում երբևէ տված միակ հարցին․
– Հարցնող, ասա՛ ինձ, իսկ դո՞ւ, դո՞ւ՝ մամայի՞դ ես ավելի շատ սիրում, թե՞ պապայիդ։
Add Comment