Անկանխատեսելի եղանակ էր. ամպերը զրահապատել էին արևի շողերը, քամին օրորում էր նորածին երեխայի ձեռքի չափ բարակ ծառի ճյուղերը։ Գյուղացիներն աղոթելով տուն էին վազում` հույս ունենալով, որ եղանակն իրենց բերքին վնաս չի տա։ Կանաչ ու մարդաշատ գյուղը մի վայրկյանում դարձավ անմարդաբնակ։ Միայն գույնզգույն միջատներն էին վազվզում փարթամ խոտերի արանքով` առանց մտածելու, որ շուտով գուցե խեղդվեն տեղատարափից։ Երեխաները մի ակնթարթում տուն էին փախել, որպեսզի ծիածանի տակ չհայտնվեն, քանի որ մեծերը նրանց հավատացրել էին, որ ծիածանի տակով եթե անցնեն, աղջիկը տղա կդառնա, տղան` աղջիկ։
Դեպի վեր խոյացող երկու հսկա բլուրների արանքում դրախտային կիրճ էր առաջացել։ Կիրճի կենտրոնում երկար արահետ էր ձգվում դեպի ծաղկած դաշտեր։ Կանաչ վերնաշապիկով ու կարմիր տաբատով մոտ 15 տարեկան մի աղջնակ, հստակ քայլերով ու շրջակայքն ուսումնասիրելով, բարձրանում էր երկար ու թեք արահետով։ Ինչ էր նշմարում նրա հայացքը՝ դժվար էր կռահել, բայց այն, որ նա ինչ-որ բան էր փնտրում, հաստատ էր…
Աղջկա անունը Սանի էր։ Նրա մասին շատ էին խոսում, ասում էին` մորը չի ենթարկվում։ Նա մեծացել էր Արցախի մի փոքրիկ գյուղում, որը մարմնավորում էր բնության ամբողջ գեղեցկությունը, գերում զգայարաններն ու հանգստացնում հոգին։ Այնտեղ՝ ձյունածածկ լեռների բարձր գագաթներից մինչև անտառում տերևների մեղմ խշշոցը, բնության հրաշքների մի կտավ էր, որը չէր դադարում զարմացնել։ Լեռներն իրենց ատամնավոր գագաթներով և խորդուբորդ տեղանքով վկայում էին բնության ողջ ուժի մասին։ Լեռան գագաթին տիրում էր անբիծ ճերմակը, իսկ ներքևում՝ ստորոտում, խոցոտված երազներ էին․․
Արցախյան գյուղից հեռանալով` Սանիի ընտանիքը կարծես փշրվել էր, հոգիները բնօրրանում թողնելով` հեռացել էին` երակներում եռացող արյունն ու մարմնի ոսկորներն իրենց հետ բերելով։ Երբեմն հայրենի գյուղի կարոտն այնքան էր խեղդում, որ Սանին բարկանում էր, վեր կենում տեղից ու ասում.
– Ես գնում եմ հոգիս փնտրելու…
Սանին իր աջ գրպանում հուշատետր էր պահում, իսկ ձախում՝ փոքրիկ կտորե տոպրակի մեջ փաթաթած արցախյան մի բուռ հող։ Ամեն անգամ տնից դուրս էր գալիս, բացում էր կտորե տոպրակն ու շնչում հողի բույրը։ Իսկ հուշատետրը վերջին անգամ հայրենի գյուղում էր բացել, ու նոր գյուղում բացելու առիթ կամ ցանկություն նա դեռևս չէր ունեցել։ Սակայն զգացմունքներն ու կարոտի դեմ պայքարելու ցանկությունն այնքան հզոր էր, որ երկա՜ր մտածելուց հետո ձեռքը տարավ գրպանը, որպեսզի հանի հուշատետրը։ Բացեց այն ու առաջին բանը, որ հայտնվեց նրա աչքերի առաջ՝ սարյանական գույներով պատկերված իր գյուղն էր՝ վեհ ու անտրտում։ Սիրում էր նկարել, բայց մատներն էլ կարծես անզգայացել էին ու նրան չէի ենթարկվում։ Հոգում կուտակվածն ամբողջությամբ թղթին հանձնեց.
«Բավական դժվար է այստեղ հարմարվելը, հատկապես, երբ կարոտում եմ իմ հայրենի գյուղը։ Միակ հնարավորությունը, որը կարող եմ փորձել, այս գյուղն ուսումնասիրելն ու այստեղից հոգին պարուրող պատկերներ վեր հանելն է։ Մյուս տարբերակն այն է, որ առաջինին զուգահեռ, պետք է հավետ կապված մնամ ԻՄ ԳՅՈՒՂԻՆ։ Կարծում եմ` մոռանալ իմ հին տունը, ընկերներիս, գյուղս, անհնար է, բայց նաև կարևոր է այստեղ հարմարվելու (բայց ոչ հաստատվելու) ուղիներ փնտրել…»
Սանին երբեք այսքան ուշադիր երկինքը չէր զննել. պառկել էր գետնին և հետևում էր, թե ինչպես են ամպերը ծուլորեն սահում երկնքում։ Երկնքի տաք գույները կարծես կենդանացնում էին նրա փխրուն մատները։ Արցախյան հրաշափառ երկնային պատկերի կողքին նկարեց անդադար աչքերին զարնող տեսարանը` մայրամուտը` իր հրեղեն նարնջագույնով և խորը մանուշակագույնով։ Ապա երկնքով չբավարարված` նայեց շուրջ բոլորը։ Մամռակալած քարին ապավինած` բուսնել էր տեղանքին բնորոշ մի դեղնամանուշակագույն ծաղիկ, որը կարծես կլանել էր մայրամուտի ողջ ներկապնակը։ Սանին անգիտակցաբար ձեռքը մեկնեց և այնպիսի զգուշությամբ դուրս քաշեց ծաղիկը, որ նրա ամեն մի ծիլ անարգել դուրս եկավ հողից։ Նայեց նուրբ ու անպաշտպան ծաղկին, որը, ինչպես և մեր ազգը, ապավինել էր քարին.
– Քարերի՛ երկիր, Հայաստա՛ն,-մրմնջացին նրա շուրթերը։
– Ի՜նչ զարմանահրաշ ծաղիկ է, Արցախում երբևէ չէի տեսել։ Հնարավորության դեպքում ինձ հետ հաստատ տանելու եմ, միայն թե գնամ…
Ծաղիկը գերել էր նրան և արթնացրել մարմնի քնած բջիջները։ Աղջիկն իր ձեռքում զգում էր նրա յուրաքանչյուր փոփոխություն։ Քիչ անց ծաղիկն այլևս առաջվանը չէր։ Ասես ի’ր կյանքն էր տվել Սանիին։ «Հողը նրա համար է, որ շնչի և կյանք տա, հողը կարոտ է ծլարձակման… Արցախից բերված մի բուռ հողը գտավ իր բնակչին… Կյանքում ոչինչ աննպատակ չէ…»։
Add Comment