Այսօրվա դասը «Հայրենիք» բանաձևն էր:
Ուսուցիչը բացատրեց, բայց չհարցրեց՝ կա՞ն արդյոք հասկացողներ, թե՞ ոչ: Աշակերտներից մեկը շատ հետաքրքրված էր թեմայով և ուներ հարցեր, բայց քանի որ գիտեր՝ չի ստանալու իր հուզող հարցերի պատասխանները, լռեց: Որովհետև այստեղ աշակերները հարցեր չեն տալիս, որովհետև նրանք պարտավոր են հասկանալ մատուցված նյութը:
Այստեղ բոլորը իրենց հարցերի պատասխանները որոնում են քնելուց առաջ, երբ ոչ ոք չկա, ու կան միայն շները, որոնք ոռնում են ու չեն գտնում իրենց պատասխանները: Ի՞նչ իմանաս, գուցե սոված են, գուցե փնտրում են իրենց տունը կամ պատճառը թե ինչու դրսում մնացին, կամ երևի նրանք էլ են ուզում հասկանալ Հայրենիքի բանաձևը:
Աշակերտը, որին ինձ եմ նմանեցնում, հետո էր ստանալու իր բոլոր հարցերի պատասխանները, իսկ այդ ժամ պետք էր ուղղակի մտածել քնելուց առաջ. դա էր բանաձևը: Այդ օրը ամեն բան այլ էր: Տարօրինակ զգացողություններ ուներ, բայց ժամանակ չկար շեղվելու, պետք էր միայն մի հարցի շուրջ մտածել՝ ավելի չխճճվելու համար: Նա չհասկացավ՝ ինչպես աչքերը փակվեցին և ինչպես հայտնվեց այլ վայրում: Նա մի բույր զգաց և հիշեց, որ իր հայրենիքի յուրաքանչյուր անկյունից այդ հոտն է գալիս: Հայրենի հողի բույրն էր:
Նա հայտնվել էր դրախտում՝ Եփրատ և Տիգրիս գետերի միախառնման ճանապարհին: Այդ վայրում նա տեսավ մի ցուցանակ, որի վրա գրված էր՝ Ապագա Հայաստան: Նրան շատ ծանոթ էր Հայաստան բառը: Նա սովորել էր, որ Հայաստան ասելիս ծնկները ծալվում են, բայց չէր հիշում ում և ինչու, որովհետև չէին բացատրել, թե ինչու է այդպես:
Մեր փոքրիկ բարեկամը այդ ընթացքում գտել էր ընկեր, ում դեռ հարցեր չէր տվել հետևելով հին բանաձևերին: Նրա ընկերը անդադար խոսում էր՝ վստահություն ներշնչելով:
Նա ուզում էր հասկանալ, թե ինչ կարգեր կան իր առաջնորդի հայրենիքում, այստե՞ղ էլ հարցեր չեն տալիս, որովհետև գիտեն, որ չեն ստանալու պատասխաններ, թե՞ այստեղ ամեն բան այլ է:
Մեր փոքրիկ բարեկամը իմացավ, որ այստեղ լույսը ոչ թե էլեկտրականությունն է, այլ հայու գենի բաղադրության ամենակարևոր տարրը: Նա իմացավ, որ խրամատներ չկան, չկան քուն հսկողներ, որովհետև Ապագա Հայաստանում պատերազմները տեղ չունեն: Որովհետև Ապագա Հայաստանում բոլորը նկարիչներ են, որ ներկում են վառ գույներով ներկան, հոգիները, տները ու ժպիտները, իսկ նախկին աղետներն նրանք վերապրել են և ուղղակի ջնջել:
Նա իմացավ, որ այստեղ խենթ մարդիկ չկան, հա՛, հա՛, այստեղ բոլորը կարող են թակել պատահական դուռ և հոգու ներդաշնակության համար հարցնել.՝
– Ո՞նց ես, բարեկա՛մս:
Եվ այդպես հաճախ է լինում: Որովհետև այստեղ մարդը հերիք է մարդուն:
– Բարեկա՛մս, մենք բոլորս գրկում ենք իրար, որովհետև իրարից բացի մենք ոչ ոք չունենք, և այս ամենն էլ կոչվում է «Հայրենիք»:
Տղան արթնացավ, սթափվեց ու վերցրեց իր ամենասիրելի օրագիրը, որտեղ գրված են ամենակարևոր տողերը, բացեց ու գրեց.
«Այստեղ մենք մենակ չենք, որովհետև մեր մյուս կեսը Հայրենիքն է»
Add Comment