Մի պահ պատկերացնենք, որ մեր խղճուկ աշխարհում մի փոքրիկ տղա կա։ Նա ցածրահասակ, անմեղ կապույտ աչքերով ու գանգուր մազերով է։ Հագին հնամաշ շորեր են, իսկ ձեռքին բռնած է մի աչքը կորցրած հին խաղալիք։ Խաղալիքը փորք արջուկի էր նման, սակայն չափսերով շատ չէր տարբերվում տղայից։ Փափուկ արջուկի հետ նա իր օրերն էր անցկացնում վաղուց մոռացված գյուղակում։ Արջուկը նրա լավագույն ընկերն էր, բայց միակը չէր։ Տղայի հետ մի երևակայական ընկեր էլ էր վազվզում շան կերպարանք ստացած։ Մեծ, սպիտակ, բրդոտ շուն։ Տղան շատ էր սիրում այդ շանը։ Նա կպաշտպաներ տղային մութ գիշերներին՝ իր պսպղուն մորթով։ Կքշեր մեծ հրեշներին իր սուր ատամներով։ Այդ հրեշները չէին սիրում տղային ու կարող էին վախեցնել, որ տղան տնակից դուրս չգա, կամ, որ գիշերները չաղմկի, կամ էլ, որ բլիթներ չգողանա։ Երբեմն հրեշները կարող էին խփել, դրա համար տղան միշտ շան հետ իրեն ապահով էր զգում։
Նա սիրում էր արջուկին էլ, շանն էլ։ Նրանց հետ տղան ամեն օր նոր աշխարհներ էր բացահայտում։ Այսօր շանը հեծնած թռչում էր ամպերով։ Վաղը կմագլցեր քարանձավներում։
Հա՜, մոռացա, երեկ էլ օվկիանոսն էին բացահայտել։ Սպիտակ շունը նրա համար օվկիանոսից ձուկ էր որսացել, իսկ տղան շատ էր ուրախացել։ Նա իմ պես չէր մոռանա այդ ամենը, չափից դուրս շատ էր գնահատում ամեն պահը…
Գույները այդ օվկիանոսի ջրերում այնքան վառ էին, որ կարիք չկար լապտերներով լուսավորել՝ ինչպես մոխրագույն մայթերը։
Քարանձավները մութ էին, բայց նրա աչքերում քարերը լուսավորված էին լինում հազար բյուրեղներով։
Իսկ երկինքը այնքա՜ն կապույտ էր…
Մի ամպ անգամ չկար։ Այն զարդարված էր թե՛ աստղերով, թե՛ արևով, թե՛ լուսնով, ասես մի թախծոտ երազ…
Կապուտաչյա տղան իր աշխարհում էր ապրում, որտեղ անձրև չի լինում ու արցունքները պետք չի քողարկել երկնային թախիծում։
Տղան այնտեղ էր, որտեղ սպիտակ շունը չի թողնի նրան սոված քնել։ Այնտեղ, որտեղ միաչքանի արջուկը կկատակեր նրա հետ, երբեմն էլ կսփոփեր։
– Նայի՛ր, Արջու՛կ – բղավում էր պատուհանից – աստղ ընկա՛վ։ Տեսնես երազանքս կկատարվի՞: Ապա ձայնը փոխում էր ու արջուկի կերպարանքից հարցնում. «Ի՞նչ երազանք, Նորից ձայնը հասարակ դարձնում, – Որ հայրիկս ետ գա…»
Այնքան երջանիկ էր նայում այդ ընկնող աստղին։
Նա երազում էր իր փոքրիկ աշխարհում, իսկ հայրը կռվում էր մի մեծ աշխարհում…
Add Comment