«Մեծ և փոքր աշխարհ» «Պատերազմ և խաղաղություն» «Կարոտ…» – Սաթենիկ Արթենյան

«Մեծ և փոքր աշխարհ» «Պատերազմ և խաղաղություն» «Կարոտ…» – Սաթենիկ Արթենյան

..Վեր ա Ծնունդ…. 

Լեռներից, այրերից, հայրերից ծնունդ առած հայրենիքս։ 

ՀԱՅՐ ՄԵՐ։ 

Մեր կապույտ երկինքներում չվաստակած կարմիր խաղաղությամբ փնտրում եմ քեզ։ 

Ո՞Ր ՅԵՐԿԻՆՍ ԵՍ։ 

Ավետարանաց սրբերի մատուռում եռագույնիդ կողքին թշնամին հանգչող կրակ է որոնում։ 

ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ։ 

Դարեդար իր իսկ ոստանում ոտնակոխ, ոտնատակ։ 

Էլ եղեռն, էլ գաղթ ու մահ։ 

ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՈ։ 

Ու քո կամքով պատերազմի դաշտից գոյաքարշ դեպի մանկան օրորոց  

ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ։ 

ՈՐՊԵՍ ՅԵՐԿԻՆՍ ԵՎ ՅԵՐԿՐԻՍ։ 

Ու նորից բախտից, ի դարեր քարից քամեցինք ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ, 

Ու նշխարդ ապաշխարանք ՏՈՒՐ ԶՄԵԶ ԱՅՍՕՐ։  

Հանց մեր խաչը պայքարի ու սուրը Վանաօծ  

Եվ ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ 

Հայրերի, հայրերի, որդյաց սուրբ արյունը խղճներիս։ 

Ինչպե՞ս ԵՎ ՄԵՆՔ ԹՈՂՈՒՆՔ ՄԵՐՈՆՑ ՊԱՐՏԱՊԱՆԱԾ։ 

Սուր յաթաղանի դեմ՝ սուրբ Ավետարան, 

Կույր հրանոթի դեմ՝ հավատի գմբեթ։ 

ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ։ 

Աղոթքս առ քեզ, 

Առ մեզ, 

Առ մեզ։ 

ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԵ ։ 

Պապերից, հայրերից, մայրերից ժառանգեցինք հայրատունը մեր։ 

Քար ու դավերից, վար ու վերքերից սրտերում մեր նրան պահեցինք անեղծ ու անշեջ։ 

ԶԻՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՓԱՌՔ։ 

Խավարից զատվելով, զարկվածդ վերքերով և սուրբ ղողանջով ։ 

Ծնվի’ր, 

Վերածնվի՛ր, 

Հավիտյանս հավիտենից Հայաստա՛նս, 

Հանուն հավերժացած ամեն քաջի, 

Հանուն օրորոցի մեջ անմեղ քեզ կանչի, 

Լեռներիդ մեջ դրոշմված ինքնությունդ պատմողի, 

Հաղթանակներիդ մասին երգեր հյուսողների,  

Ու քեզ հավատացողների, 

Հանուն ընդ զմեզ և ընդ զմեզ  

Սուրբ թող լինի ծնունդը քո… 

Աղոթք….. 

Խավարածին անդորրի մեջ վեր բարձրացող աղոթքները երկինքից ցած են բերում Նրան, ում ուղղված են դրանք։  

Հիմա փողոցի մայթեզրին նստած է Նա, ով հորինել է բոլոր լուսացույցների տակ խաչվող ուղիները։ 

Ոսկեգորշ տերևների ու մարդկային գունատ ստվերների մեջտեղում նստած՝ Նա աղոթում է ամեն անհավատի համար։ 

Եվ ամեն անգամ աղոթքի վերջին հառաչանքով ասված «Ամեն»-ով մկրտում նրանց։  

Տե՛ր իմ, փողոցներից տուն գնա…  

Անձրևը թրջում է նրանց ոչինչ չասող ապակե հայացքները։ 

Մեր պատերազմը խավարվող մտքերի, կորցրած հոգիների ու մեղքերի կծիկն է։  

Էս պատերազմը չփշրվող ու խունացած ապակե աչքերի՝ իրար անընդհատ լքող հայացքների մասին է։ 

Ներիր մեր մտքերը… 

Հա՛յր մեր, 

Որ երկինքներում այրվող խղճմտանքների համար անձրևներ ես արարում։ 

Ների՛ր մեզ՝ աշխարհի բոլոր անկյուններում հոգիներ կորցրածներիս։ 

Ներիր մեզ, որովհետև ինքներս վախենում ենք մեզ ներել։ 

Հա՛յր մեր, որ նստած ես փողոցի մայթեզրին, 

Սուրբ թող լինի անունը քո… 

Սերունդները անդունդներից

Ինձ ասացին, թե որտեղ վերջացավ հայրենիքիս սահմանները,  

Ու չասացին, թե որտեղ մնաց հայրենիքս, ո՛ր սահմաններում գծվեց ու լքվեց։  

Ինձ չասացին, թե որտեղ փնտրեմ հայրենիքս, քանի դար այն կողմ մնաց էրգիրս։  

Ինձ ասացին, որ Անին մնաց թուրքին,  

Որ Դվինը հայից խլվեց,  

Որ Մուշն էլ, Մուշն էլ չեղավ մերը,  

Ու ոնց չխռովեց հայրենիքիս բախտը, ու կրկին դարձավ հայի օջախի անմար հուրը։ 

Ոնց ապրեց կռիվ տալով ու չանիծելով բախտը,  

Ապրեց, ապրեց, 

Բայց իր սրտում չմոռացավ ո՛չ Վանը, և ո՛չ էլ Մուշը։  

Ու մի օր գնաց հայը իր էրգիրը, տեսնելու համար, թե որտեղ դրվեց հայրենիքի վերջակետը 

Ու, չունենալով ոչ մի հարազատ գերեզման, հայը լաց եղավ ամեն մի բուռ հողի վրա։  

Սա է հայրենիքը Լա՛ո,  

Հազարամյակների խորքից ու անդունդներից ձայն տվեցին սերունդները,  

Թուրքին մնաց պապե, մեր հայրենիքի սահմանները արյամբ ներկվեց 

«Ուրեմն սա է հայրենիքը»,- աղմկեց սերունդների լռությունը,  

Հոգին գրկեց անդուդների քարերը մաշած սերունդների կարոտը,  

Մեր էրգիրը մեզ չմնաց,  

Մեզնով գծեցին մեր հայրենիքի սահմանները 

Լռեցին սերունդներն ու վիշտը սրտներում պահած լցրեցին հազարամյակների անդունդները։ 

Ուրեմն սա՛ էր հայրենիքը… 

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *