«Պատերազմ և խաղաղություն» – Դիանա Մելքոնյան

«Պատերազմ և խաղաղություն» – Դիանա Մելքոնյան

Քայլում եմ արդեն վաղուց ծանոթ մայթերով, որոնց համար կարծես ես օտար լինեմ։ Շուրջբոլորս մարդիկ են և ոչ մի հստակ խոսք չի լսվում․ կամ աղմուկ է կամ լռություն։ Եվ գաղտնիք չէ, որ կա լռություն, որ ասելիք ունի և կա դատարկություն։ Ինչպես Շիրվանզադեն է գրել․ «Կա լռություն, որ բառերից պերճախոս է»։ Կարծում եմ, որ միաժամանակ նրա կողքին կա լռություն, որը նոր քայլ է դեպի անորոշություն։

Բառերը շատ են կամ չափից դուրս քիչ կամ գոյություն չունեն, երբ այնքան ասելիք կա։ Ուզում եմ բղավել մայթերի և նրանցով քայլող մարդկանց վրա․․․ Լռում եմ։ Սևակն ասել է․ «Գոռալու համար ուժ է հարկավոր»։

Լռությունը հանգստության գրավականներից ենք համարում ու խարխլվում, ներսից ու դրսից ավերվում, որովհետև լռեցինք։ Ամրանում, որովհետև այն, ինչ մերն էր լռեցինք դրա մասին։ Մենք ուղղակի պահից օգտվել չենք սովորում։ Մենք չգիտենք, երբ են բառերը ավարտվում և երբ է իսկապես դա հայթայթելը կամ ունեցածովդ հեղեղելը անհրաժեշտություն։

Խրվել ենք «ազգային» բարդույդների ճահճի մեջ։ Մենք ամաչում ենք խոսել, լինել այն տեղում, որտեղ պետք է, հաղթել ու պարտվել այնտեղ, որտեղ պետք է։ Մենք սիրում ենք ականջա և հոգեհաճո մտքերը և պտտվել դրանց շուրջ կամ դնել մեր աշխարհի կենտրոնում։

Զգացողություններն իրենց դրասևորումներով ամոթալի են, շատ տխուր մտքեր հրապարակողները՝ սգավորներ։

Բարձրացնում եմ վախվորած հայացքս, փորձում որսալ մարդկանց հայացքները։ Մարդիկ տխուր են, հոգնած, քարացած, չարացած, մոլորված ու վախենալու չափ հայ․․․

Մենք մեր սխալներից չենք սովորում, որովհետև չենք հասկանում՝ որտեղ, չենք ընդունում, որ սխալվեցինք։

Այո՜, մենք ազգ ենք՝ հին  ու հարուստ պատմությամբ ու անցյալով կամ ավելի ճիշտ անցյալի պատրանքով ապրող։

Հաճախ ենք լսում․ «Չնայած այն ժամանակ սա չկար, բայց լավ էր, չնայած մեր սերունդը այս մեկից հետ է, բայց մենք այսպիսին չէինք»։

«Մենք սրբացնում ենք հեռավոր անցյալն ու այդտեղ ապրողներին ու չենք հասկանում, թե նրանք որտեղ սխալվեցին, և որն էր այն ճիշտը, որը ծածկեց սխալը։

Մենք Տիգրան Մեծի, Մաշտոցի և հազարավոր հավերժ հիշվելու արժանի հայերի հետնորդ ենք, այո՜, բայց մենք Ալբերտի, Ալիկի և հազարավոր հերոսների և տաղանդների ժամանակներում ապրելու պատվին արժանացած մարդիկ ենք։ Ու երանի ամեն բան վերացական անցյալ լիներ։

Էլ չեն շարունակվի հարյուրհազարավոր կյանքեր, չեն ծնվի հարյուրհազարավոր զավակներ, շղթայաձև կանգնեցին, բնականոն ընթացքը կորցրին միլիոնավոր կյանքեր։ Բազմաթիվ սրտերում ուղղակի չի ծաղկի աքմենամաքուր ու նվիրական զգացմունքը։

Որքան եմ ուզում ասել․ «Հայեր, խաղաղ եղեք, միշտ ու ամենուր խաղաղ: Երբ փոթորիիկ է անսանձ, տեղ թողեք խաղաղվելու, քանզի չկա ավելի հաճելի զգացում, քան ժպտալ, աշխարհը հեղեղել քեզնով ու դատարկել քեզնից խաղաղ; Գրողը տանի ավերածությունները»։

Խաղաղություն։ Հոգուց, մտքից, միլիոնավոր մարդկանց զգայական ողջ աշխարհում լռող ու թնդացող ամենախոսուն բառը, որը, խնդրում եմ, եկեք չծամենք, եկեք բառին համահունչ հնչեցնենք իրեն, առանց ամպագոռգոռ, կեղծ հուզումնառատ զեղումների․․․

Հայրենի մայթեր, լեռներ ու երկինք, ես սիրում եմ ձեզ և շարունակում լռել։

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *