Դպրոցի միջանցքում նստարանների վրա նստած էին 9-րդ դասարանի աշակերտները և սպասում էին, թե երբ կկանչեին իրենց պատմության քննությանը։ Այս քննությունը բանավոր էր, և ամեն անգամ կանչում էին միայն 3 հոգու։ Ահա և կանչվեց հաջորդ եռյակը։ Արթուրը՝ երեքից մեկը, այդքան էլ վստահ չէր իր վրա. նա, ինչպես միշտ, ամեն ինչ թողել էր վերջին գիշերվան և հիմա միայն մի քանի մեծ բաժակ սուրճի շնորհիվ է, որ դեռ չէր քնել։ Մտնելով սենյակ՝ նա և իր հետ մտած 2 աղջիկները «քաշեցին» իրենց տոմսերը։ Արթուրը ուշադիր կարդաց իրենը։ Ամեն ինչ, կարելի է ասել, ծանոթ էր նրան, և Արթուրն առանց հապաղելու կանգնեց քննական հանձնաժողովի առաջ ու … ցանկանում էր սկսել, բայց ինչ-որ բան սխալ գնաց։ Գլուխը պտտվեց, և նա կորցրեց գիտակցությունը։
Երբ բացեց աչքերը, լսեց ինչ-որ մարդկանց խոսակցություն։ Նրանց առոգանությունն ու արտասանությունը տարօրինակ էր, և Արթուրը կարող էր միայն զարմանալ, թե Հայաստանի որ մասում են այդպես խոսում։ Ի վերջո, աչքերը բացելուց հետո նա սկսեց հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել: Մեծերը պատմել էին, որ շատ են եղել նման պատմություններ, երբ երեխաները կորցրել են գիտակցությունը քննության ժամանակ, և դա այն պատճառով, որ ուղղակի գերհոգնել են։
Արթուրը չէր սպասում, որ իր հետ այդպիսի բան կլինի, բայց ավելի չէր սպասում, որ կբացի աչքերը անծանոթ վայրում. եթե հիվանդանոց լիներ, էլի հասկանալի կլիներ։ Բայց այստեղ հատակը, պատերը և առաստաղը ամբողջությամբ պատված էին գորգերով, ոսկեղենով, զարդերով: Իսկ անկողի՞նը… այսպիսի մեծ անկողի՞ն։ Այս ամենը դեռ մի կողմ. դռան մոտ կանգնած էր երկու տղամարդ՝ հնադարյան հանդերձանքով ու գոտկատեղին ամրացված թրերով։ Արթուրին մի պահ թվաց, որ իր վրա փորձարկումներ են անում, բայց հիշեց, որ ոչ մի կասկածելի բան չի ստորագրել և վստահ է, որ ծնողներն էլ այդպես չէին վարվի։ Չնայած հիմա այնքան անօրինական բաներ են արվում։ Մինչև կհասցներ Արթուրի մտքով մեկ այլ հնարավոր բացատրություն ծնվեր, հանկարծակի սենյակի դռները բացվեցին, և ներս մտավ բարկացած դեմքով մեկ այլ տղամարդ՝ նույնպես հնադարյան հանդերձանքով, որը սակայն ավելի շքեղ էր երևում, քան այն երկուսինը։ Նորեկը սկսեց խոսել․
– Վասակ, հերիք է լինես այդքան ինքնասիրահարված։ Համարյա թե բոլորը համաձայն են, եթե դու էլ ասես այո, թեկուզ հենց վաղը կսկսենք ապստամբությունը։
Արթուրը աչքերը լայն բացած նայում էր նրանց։ Եվ մի քանի վայրկյան անց սկսեց ծիծաղել։ Նրա ուղեղը, դիտարկելով բոլոր հնարավոր պատճառները, գտել էր ամենահավանականը։ Նրան զգուշացրել էին սուրճի չարաշահման հետևանքների մասին, և ինքը հիմա չէր կասկածում, որ մտապատրանքներ է տեսնում։
– Վասա՛կ Սյունի,- մռնչաց նորեկը և բարկացած հայացք նետեց նրա վրա. զարմանալիորեն նրա դեմքի մկանները չէին հոգնում այդքան երկար ժամանակ այդպիսի բարկացած արտահայտությունը պահելուց։
Զգալով վերջինիս ագրեսիան՝ այն երկուսը մոտեցան Արթուրին և կանգնեցին նրա առջև։ Նրանցից կարճահասակը, նայելով ուղիղ ագրեսորի վրա, խոսեց․
– Դուք, իհարկե, Վարդան Մամիկոնյանն եք՝ անհաշվելի հաղթանակներով և քաջությամբ հայտնի։ Բայց այս պահին դուք գտնվում եք Հայոց Մարզպան մեծն Վասակ Սյունու դիմաց։ Ձեզ ճի՛շտ պահեք։
Էլ չզսպելով իրեն՝ Վարդանը հանեց թուրը և հարձակվեց դիմացինի վրա։ Մի քանի վայրկյանից սենյակ մտան թրերով զինված այլ մարդիկ և սկսեցին միացյալ ուժերով կռվել Վարդանի դեմ։ Միևնույն ժամանակ Արթուրը զարմացած նայում էր այս ամենին և կասկածում. «Արդյո՞ք կարող է այսպիսի պատրանք լինել»։ Եվ երբ նա այդպիսի մտքերով հայացքը սենյակի մի ծայրից նետում էր մյուսին, նկատեց իրեն հայելու մեջ։ Արթուրը ճիչ արձակեց, որը միանգամից վերջ դրեց կռվին։ Նրան մոտենալով՝ մարդիկ ծածկեցին հայելին, սակայն Արթուրը արդեն չէր մոռանա այն, ինչ տեսել էր։ Նրան նայում էր հասուն տղամարդու դեմք՝ սև մազերով և մորուքով , իր շագանակագույն աչքերի փոխարեն սև աչքեր էին։ Եթե մինչև հիմա նա չէր դիտարկում այս տարբերակը, ապա հիմա էլ ուրիշ բան չէր մնացել։ Նա ինչ-որ կերպ հայտնվել էր անցյալում և հիմա ուրիշ մարդու մարմնի մեջ էր։ Մինչև Արթուրը կհասցներ ընդունել իրավիճակը, դռները բացվեցին, և ներս մտավ ինքնավստահ դեմքով մի մարդ, որի հետևից շարժվում էին այլ մարդիկ։ Նա, նայելով Արթուրին, սկսեց խոսել․
– Հազկերտ Երկրորդ թագավորի հրամանով Վասակ Սյունին, Վարդան Մամիկոնյանը և այլ հայ նախարարներ հրավիրվում են Տիզբոն 7 օրից։ Թագավորը շատ է ուզում տեսնել Ձեզ և հասկանալ, թե ինչու չեք հետևում իր հրամանին և դեմ գնում կրոնափոխմանը: Նա մի պահ կանգ առավ, ապա էլ ավելի տհաճ ձայնով շարունակեց. – Եվ մեկ էլ, Սյունի՛, կբերես նաև քո տղաներին. թագավորը նրանց էլ է ցանկանում տեսնել։
Անցել էր արդեն 6 օր, և հայկական արշավախումբը շուտով կհասներ մայրաքաղաք։ Այս ընթացքում Արթուրը հասցրել էր մի լավ մտածել, հասկանալ և վերլուծել իրավիճակը։ Նա ինչ-որ կերպ հայտնվել էր անցյալում և զբաղեցրել հայոց մարզպետ Վասակ Սյունու մարմինը։ Նրա կողքի ձիու վրա նստած էր զորավար Վարդան Մամիկոնյանը։ Պարսկաստանի թագավոր Հազկերտ Երկրորդը կանչում է Հայոց նախարարներին, որպեսզի հասկանա, թե ինչու չեն ուզում ընդունել զրադաշտականությունը։ Վարդան Մամիկոնյանը ուզում էր սկսել ինչ-որ ապստամբություն։ Այս ամեն ինչը շատ հեշտ էր հավաքել մի պատկերի մեջ և հասկանալ, թե ինչ պատմության դրվագում է հայտնվել նա։ «Վարդանանց ապստամբություն», «Ավարայրի Ճակատամարտ». այս թեմաները ծանոթ էին բոլորին պատմության դասագրքից, և պակաս հայտնի չէր դավաճան Վասակը, ում մարմնի մեջ էր հիմա նա։ Արթուրը հիշում էր, որ ուսուցիչը պատմում էր, որ Վասակը դավաճան է դարձել , քանի որ ապստամբության ժամանակ նրա որդիները եղել էին թագավորի մոտ։ Եվ հիմա հենց այն պահն էր, երբ Հազկերտը կդնին բոլոր հայ նախարարներին փաստի առաջ, ու նրանք կձևացնեն, որ ընդունում են զրադաշտականությունը: Այնինչ, երբ վերադառնան, կսկսեն ապստամբություն։ Որպեսզի թագավորը հավատա նրանց, որ նրանք իսկապես հրաժարվել են քրիստոնեությունից, կպահանջի Վասակի տղաներին պահել իր մոտ։ Իսկ նա՝ հիմարը, վերցրել էր նրանց իր հետ՝ չհասցնելով հասկանալ իրավիճակը։ Բայց հիմա ամեն ինչ այլ է. նա՝ որպես Վասակ Սյունի, չէր դավաճանի և ամեն ինչ կաներ ապստամբության համար, իսկ որդիների համար արդեն մի բան մտածել էր։
Արդեն մայրաքաղաքում էին։ Այնտեղ ամեն ինչ կար՝ բազմազան մրգերից սկսած, տարատեսակ գորգերից ավարտված։ Կային նաև կենդանիներ՝ թութակներ, ուղտեր, նույնիսկ փղեր։ «Ո՞վ գիտի, գուցե սրանք հենց այն փղերն էին, որ կռվելու էին թշնամու բանակի շարքերում և հարձակվելու մեզ վրա Ավարայրի ժամանակ», – մտածում էր Արթուրը, չնայած գուցե այդ մարտական փղերը երկար ժամանակ է արդեն կային թշնամու բանակում, և սրանք ուղղակի սովորական փղեր էին։ Չէր կարող, չէ՞, բոլոր փղերին կասկածել։ Պալատ մտնելու ժամանակ մեծանում էր նաև Արթուրի մեջ կասկածը. «Արդյո՞ք կկարողանամ հաղթել»։ Նա տեսնում էր թշնամու բանակը և հիշում այն, ինչ տեսել էր Հայաստանում: Անհնար է հաղթել և կարողանալ հաղթանակը պահել առանց համագործակցության։ Բյուզանդիա՞, հաստատ ոչ, պատմության դասագրքում խոսվում էր՝ ինչպես Բյուզանդիան դավաճանեց՝ հայտնելով Հազկերտին մեր ապստամբության պլանների մասին։ Տարբերակ են հոները. նրանք նույն մեր իրավիճակում էին:
Վերջապես հասան պալատ, և առանց հանգստանալու նրանց տարան թագավորի մոտ։ Հազկերտը երկար չխոսեց և ասաց իր ուզածը: Կարճ ասած, նա ուզում էր, որ մենք կրոնափոխվենք և վերջ։ Տվեց 2 օր ժամանակ և ուղարկեց պալատի աջ մասը, որտեղ հայ նախարարների սենյակներն էին պատրաստված։ Այնտեղ մինչև ուշ գիշերը հայ իշխանները քննարկում էին՝ ինչ անել։ Նրանք գիտեին՝ ինչ է նրանց սպասվում այստեղ, և դեռ ճանապարհին պլան ունեին, բայց, միևնույն է , ցանկանում էին վստահ լինել: Ինչպես և պատմության գրքում էր գրված, նրանք որոշեցին ձևացնել, թե կրոնափոխ են լինում։ Արթուրը ուժեղ գլխացավով գնաց իր համար առանձնացված սենյակը, որտեղ, սակայն, նրան ինչ-որ մեկը սպասում էր։ Չհասցրեց Արթուրը ճիչ արձակել, երբ մարդը փակեց նրա բերանը և սենյակ մտցրեց՝ փակելով դուռը։ Ուշադիր նայելով այդ մարդուն՝ Արթուրը նկատեց, որ նրա դեմքի վրա ինչ-որ ներկով նշաններ էին արված և նրա հագուստը․․․ Նա, մեղմ ասած, վայրենու էր նման։ Երբ անծանոթը բաց թողեց նրան, Արթուրը ցանկանում էր հարվածել, սակայն դիմացինը սկսեց խոսել ջարդված, բայց հասկանալի հայերենով․
– Ես Սիամալն եմ Հոների ցեղից, և ես եկել եմ, որ Ձեզ ասեմ մեր ցեղապետի պատասխանը։ Մենք չենք պատրաստվում համագործակցել Հայաստանի հետ։ Դուք թուլացել եք վերջին տարիների ծանր հարկերի տակ և մեզ միայն կխանգարեք։
Արթուրը չգիտեր ինչ ասել. «Հնարավո՞ր է, որ իսկական Վասակ Սյունին այդպիսի փորձեր է արել: Բայց հիմա դա ինչ կարևոր է: Նա ճիշտ է. ես ինքս եմ տեսել , որ թուլացած է հայ ժողովուրդը», – մտածում էր Արթուրը: Նա որոշեց փորձել․
– Իսկ եթե մենք ապացուցենք, որ ուժեղ ենք։
– Եթե դուք մի գիշերում ավերեք պալատը ու սպանեք Հազկերտին, հոները կլինեն Ձեզ հետ, ես վստահ եմ, որ իմ ցեղապետը համաձայն կլինի։
Պարզ էր, որ այս Սիամալը ուղղակի ծաղրում էր, բայց Արթուրը արդեն ծրագրածը անելու պլան ուներ:
Արթուրը ուղղակի ներխուժեց Վարդան Մամիկոնյանի սենյակը և նրան արագ արթնացնելով՝ պատմեց ամեն ինչ, որ ուզում էր անել։ Մի պահ Վարդանը, ուղղակի զարմացած, առանց հասկանալու նրա վրա էր նայում, բայց հետո սկսեց ասել, որ այդ ամենը կաներ միայն վախկոտը։ Այս երկար վեճի մեջ հաղթեց ի վերջո Արթուրը, և երբ արդեն գիշերվա երեքն էր լինում, ամբողջ պալատը տակնուվրա էր եղած։
– Փղերը, փղերը, – բացականչում էին մարդիկ ու արագ փախչում պալատից, մինչ փղերը ավերում էին Հազկերտի սիրելի պալատը։ Արթուրը ցանկացել էր ուղղակի նրանց իսկ մարտավարությունը կիրառել: Արթուրն ու Վարդանը հարբեցրել էին փղերին, որոնց այդ օրը տեսել էին մայրաքաղաք մտնելիս և ուղղորդել էին նրանց դեպի պալատ։ Թող թշնամին ստանա իր պատասխանը։ «Փոս փորողը ինքն է ընկնում իր փոսի մեջ», – մտածում էր Արթուրը։ Առավոտյան ամեն ինչ խաղաղ էր. նրանք Հազկերտի խորհրդականի առանձնատանն էին, և թագավորը իր բարկացած հայացքով նայում էր Արթուրին: Երբ նա սկսեց խոսել, Արթուրը հասկացավ, որ թագավորը կասկածում է այս ամենի մեջ հայերին։ Արթուրը սկսեց ժխտել ամեն ինչ և առաջարկեց իր երկու տղաներին տալ թագավորին որպես պատանդ, միայն թե թագավորը հավատա իրեն։ Հազկերտը զիջեց։ Արթուրի կանչով սենյակ մտան թիկնոցով երկու մարդ: Նրանց դեմքը չէր երևում, և երբ թագավորը նրանց հրաման տվեց իրեն մոտենալ և բարձացնել թիկնոցները, երկու մարդկանցից մեկը արագ իր թիկնոցի միջից հանեց թաքցրած թուրը և հարձակվեց Հազկերտի վրա. թագավորը սպանված էր: Հանկարծ ընկավ թիկնոցը, ու Վարդանն իր դաժան հայացքը հառեց սենյակի մարդկանց վրա։ Նույն պահին սենյակ մտավ պալատական զորքը, և մի քանի վայրկյան անց եկան Հոները։ Նրանք, միանալով Վարդան Մամիկոնյանին, մեծ արագությամբ ոչնչացնում էին թշնամու բանակը։ Արթուրը արագ ցանկանում էր թաքնվել, քանի որ չգիտեր կռվել, բայց․․․։ Ինչ-որ բան նրան խփեց։ Արթուր նայեց ներքև և տեսավ թուրը, որը դուրս էր ցցված իր փորից։ Նա նայեց իր վրա հարձակվողին, դա մի պատանի էր։
– Քո տղան սպանեց իմ հորը, ես կսպանեմ քեզ,- ասաց նա և վերջին հարվածով սպանեց Արթուրին։ Ոչ, Վասակին։ Արթուրն իր աչքերը բացեց հիվանդանոցում։ Եվ նա հասկանում էր այս անգամ ամեն ինչ։ Թե ինչու նրա վրա հարձակվեց այդ երեխան։ «Նա ի վերջո սպանում էր մարդկանց, և ինչո՞վ էր նա տարբերվում Վասակից»,- մտածում էր նա։ Ամեն ինչի համար պետք է վճարել, և նա հույս ուներ, որ իր արածները ինչ-որ բան փոխեցին պատմության ընթացքում։ Գուցե մերօրյա վասակների մեջ էլ հայտնվեն արթուրներ և իրենց փոքր, բայց նվիրված աշխարհով փրկեն մեր մեծ աշխարհը՝ սրբությամբ պահելով հայ ազգային արժեքներն ու ինքնությունը:
Add Comment