ԿՌՎԻ ԴԱՇՏՈՒՄ ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ ԷԼ ՉԵՆ ԱՃԵԼՈՒ
Կռվի դաշտում խատուտիկներ էլ չեն աճելու։ Ու արյունոտ դաշտերը էլ չեն լցվելու դեղին կարոտով, իսկ կապույտ երկինքը խաղաղության աղավնին ուսին էլ հերոսների չի վերցնելու։ Քարերի տակ մնացած մրից սևացած նամակները իրենց հասցեատերերին էլ չեն հասնելու, ու արցունքոտ դեմքով աղջկա մատներին էլ երազանքներ չեն խաչվելու։ Ումն էլ որ խաչվի չի երջանկանա, որովհետև առաջիններին ոչ մի հաջորդ իդեալական չի փոխարինելու։ Երբ պատերազմը վերջանա, կռվի կեսին սիրած աղջկա համար գործված ոչ մի խատուտիկով թագ տեղ չի հասնելու։ Ու թագուհիները դեղինի փոխարեն անգույն կարոտ են հագնելու։ Ով էլ հետ գա, ու փարվի մորը, մոր շորերին երջանկության հետ մուր է քսելու, ու զինվոր ընկերոջ չորացած արյունը ոչ մի կերպ սրտից չի մաքրվելու։ Կռվի դաշտում զենքերի ձայները լռելու են, որ մոր ձայնը տղային հասնի։ Իսկ երբ պատասխան չլինի հողը կոռնա, քարը կճաքի, արյունոտ խոտն էլ խշխշոց կհանի։ Մեկ է զենքերը էլ չեն գոռալու, կձուլվեն մի օր։ Իսկ խատուտիկներ աճելու դեպքում էլ ոչ մի զինվոր տատի թեյի համար դրանց չի գլխատելու։ Պատերազմը կվերջանա, իսկ խատուտիկները դեռ կսպասեն իրենց դիպչող հերոսների մատներին։
Պատերազմի դաշտում խատուտիկներ էլ չեն աճելու,
որպես՝ դեղաբույս,
որպես՝ սերաբույս,
որպես` սպեղանի…
Կարոտ
Տեսնես նա գիտի՞, որ ես հոգնել եմ, մամ։ Եվ խատուտիկները սկսել են հոգուցս դուրս աճել, որտեղ հիմա նա է իր կանաչ ու սիրուն հոգով ծեծված։ Տեսնես նա գիտի՞, որ իմ հոգին այլևս մանկան թեթևություն չունի ու օր օրի ծանրանում է նրա բացակայության կարոտից։
Մամ, երբ փոքր ժամանակ ինձ հագցնում էիր տիկնիկի նման, գիտեի՞ր, որ տիկնիկները մի օր մեծանում և արտասվում են, որովհետև գեղեցիկ տիկնիկ լինելը շատ քիչ է երջանիկ լինելու համար։ Մամ, հետ տար ինձ, գոնե այնքան, որ նա լինի ճիշտ այն տեղում, որտեղ կարելի էր չունենալ նրան, կարելի էր աշխարհը չքանդել մեկ զույգ աչքերով, որոնք իրականությանը նայելու սովորություն չունեն։
Նա գուցե չգիտի, բայց ես վստահ եմ, որ դու զգում ես, թե ինչպես է առավոտը բացվում նույնքան անարև, որքան արև տեղավորվում էր իմ ժպիտում, երբ կար…
Մամ, այն օրը, երբ արևի ուղիղ ճառագայթների տակ հյուսում էիր վարսերս՝ տեղ-տեղ արևի շողեր խառնելով, կուզեի սովորեցնեիր` սիրել միակ արևին, որ երկնքում է։
Եվ հիմա, երբ նա երկրի վրա է, բայց ոչ վարսերիս մեջ, ու ոչ ինձ համար, ես ինչպե՞ս հյուսեմ վարսերս։
Ինչպե՞ս ժպտամ նույնքան անցավ,
Եվ ինչպե՞ս կուչ գամ իրական գրկում։
Մամ, վերադարձրո՛ւ իմ արևը,
Իսկ ես կրկին քո գիրկն եմ գալիս…
Կարոտ
Իմ պոեզիան ավարտվեց քո գնալով։
Եվ թույն դարձան բոլոր թանաքները, որոնք կգրեին քո մասին…
Ես հավատում եմ, որ կժպտաս։ Կիսապառկած կվերցնես հեռախոսդ, կթերթես նամակները ու կգտնես մի բառ, որը այլևս երբեք չես լսելու ինձանից։
Իսկ երբ ավարտվեն բոլոր նամակագրությունները, ետ կգա՞ս ինձ մոտ…
Պատերազմ
Բոլոր զգացումների միախառնումից պատերազմներ են լինում։ Մարդկային պատերազմներ, որոնք հողի համար չեն, բայց հողը ցավը բոլորից լավ է զգում։
Պիտի իմանաս` ո՛ր կողմում կռվել, որ հաղթես, բայց չպարտվես ինքդ քեզ։
Մարդիկ սովոր են ամեն պատերազմի, բայց իրար չկորցնելու պատերազմին բոլորը չէ, որ դիմանում են։
Այնքան դժվար է ամեն օր վիճել նույն թեմայի շուրջ ու առանց խնդրի լուծման հաշտվել անզորությունից։
Ասում են գրկախառնությունները կօգնեն…
Ասում են բառերը պետք է քողարկել…
Ասում են` հոգնել են չհասկացվելուց…
Ամենաբարդ օրերի ամենահեշտ արարքը արտասվելն է չունեցածիդ համար։
Ամենահեշտ օրերի ամենաբարդ քայլը ունեցածդ պինդ պահելն է, որ չարտասվես պարտվելուց։
Եվ ընդհանրապես` ի՞նչ են զգում մարդիկ, իրար ամեն օր կորցնելիս։
Դու երևի մատներիդ վրա արդեն չես կարող հաշվել, թե քանի՞ անգամ ես կորցրել նրան հանդիպելուց ի վեր…
Քաղաքում անտանելի
հիվանդություն է տարածվել.
Մարդիկ անիմաստ կորցնում են իրար։
Չվարակվես, խնդրում եմ…
Add Comment