(Մի հայ պատանու օրագրից)
Աշնանային մայր մտնող արևի շողերը երկնքին նարնջագույն երանգ էին հաղորդում։ Փչում էր երեկոյան մեղմ քամին` իր հետ բերելով մոտակա ծառերին հասած ծիրանի քաղցր բույրը։ Թոնրի մոտ նստած տատս, քթի տակ ինչ-որ երգ մրմնջալով` լավաշ էր թխում։ Լսվում էր ճնճղուկների խաղաղ ծլվլոցը, որ բակի հավերի հետ խառնված` խոտ ու ցորեն էին ուտում ու փոքրիկ քայլերով այս ու այն կողմ ցատկոտում։ Արևի տակ բոցկլտում էին բակի մեղրագույն ծաղիկները, որ թեթև քամուց մեղմորեն սոսափում էին` կիսակախ գլխիկները մե’րթ այս, մե’րթ այն կողմ օրորելով։ Բակի շունը` Չալոն, ալարկոտորեն քնել էր, մի մեծ կտոր ոսկոր կրծմտելուց հետո։ Մոտակա փողոցից լսվում էր բակի երեխաների անվրդով ծիծաղը։ Ամեն ինչ սովորականի նման էր մեր խաղաղ, փոքրիկ գյուղում, մինչ փոթորկի նման խուժեց պատերազմի դաժան գույժը։
Պատերազմի հերթական օրն էր, ընտանիքով նստած էինք նեղլիկ նկուղում, ուր հազիվ էինք տեղավորել մի փոքրիկ, փայտե սեղան ու ջրի ու հացի համեստ պաշար։ Մորս վարդագույն այտերին տպվել էին չորացած արցունքների հետքերը, գոստացած ու սպիտակած շուրթերը դողում էին։ Հորս ճակատը խոհերից ակոսվել էր կնճիռներով, փոս ընկած աչքերը մտախոհ էին, թախծագորով։ Մի՞շտ էին նրա մազերն այսպես ճերմակ։ Ո՜չ։ Հիշողություններիս մեջ դրոշմված ծնողներս բոլորովին այլ տեսք ունեին։ Այլ տեսք ուներ նրբագեղ մայրս` ով ջերմ ժպիտով դիմավորում էր ինձ դպրոցից ու կերակրում ամենաախորժահամ ուտելիքներով։ Այլ տեսք ուներ հայրս` ով աշխատանքից տուն գալուց շոյում էր գլուխս ու հարցնում, թե ինչպես է անցել օրս։ Այլ տեսք ուներ քույրս` ում հետ կիսում էի բոլոր գաղտնիքներս ու խոսում մինչ կեսգիշերվա պարզկա երկինքը փայլում էր արծաթագույն աստղերի պայծառ լույսով։
Բոլորս էլ լուռ էինք, ոչ մեկ չէր համարձակվում խախտել մռայլ լռությունը։ Մորս մատները խաչված էին, ծնկի եկած շշուկով աղոթում էր. «…տեր Աստված, երեխեքիս պահապան եղիր…»
Կուչ եկած մարմինս դողում էր։ Չգիտեմ` ցրտից թե՞ վախից։ Թշվառ շների անդադար ոռնոցն ընդհատում էին դրսից լսվող ահարկու պայթյունների ձայները։ Ընկերներիցս լուր չունեի, չգիտեի` ապահո՞վ են, կենդանի՞…
Քրոջս ծննդյան տարեդարձն անցկացրեցինք նկուղում` անհրապույր մթության մեջ։ Տորթ չունեինք, ուստի քույրրս մեր կիսավառ մոմը փչեց, որ նկուղի փոշուց գորշագույն երանգ էր ստացել։ Բոլորիս դեմքին կեղծ ժպիտ էր խաղում, մարել էր մորս աչքերի հուրը, որ միշտ ինձ ուժ էր տալիս անելանելի իրավիճակներում։ Սիրտս կծկվում էր անորոշ հուսահատության ու անօգնականության զգացումից։
Օրեր տևեց չարաբաստիկ պատերազմը, բայց ինձ թվում էր, թե տարիներ են անցել։ Իմ խաղաղ գյուղն այլևս առաջվանը չէր։ Քամին արդեն իր հետ ոչ թե հասած ծիրանի կամ նոր թխած լավաշի ախորժահամ բույրն էր բերում, այլ բոսորագույն արյան ու թխագորշ փոշու սահմռկեցուցիչ ժանտահոտը։ Ճնճղուկների խաղաղ երգին փոխարինում էր որդեկորույս, խղճուկ մայրերի հեծկլտոցը, որ խոնարհված իրենց հերոս որդիների անշունչ մարմիններին` անիծում էին իրենց բախտն ու ճակատագիրը։ Գյուղի խաղաղ լռությունը վերածվել էր դժգույն ամայության` ուր թափառում էին դատարկ աչքերով, հուսախաբ հոգիներ…
Add Comment