Ասում են` պատահական հանդիպումները կամ խաղեղեցնում են հոգիդ, կամ էլ պատերազմի են մղում` ինքդ քո դեմ։ Ես երկուսն էլ զգացի։ Իմ հոգին մեկ օրում, մեկ ժպիտով խաղաղվեց, իսկ մի քանի օր անց` պատերազմեցի …
Օգոստոսի տասնվեցն էր` պայծառ, գեղեցիկ մի օր, բայց ոչ ինձ համար։ Արևի շողերը այդ օրը չէին ջերմացնում ինձ, և ես տխուր էի։ Նման հոգեվիճակում ինձ միայն աղոթքն է օգնում ։ Որոշեցի գնալ եկեղեցի։ Ես միշտ ասում եմ, որ իմ հավատը իմ ներսում է, սակայն եկեղեցու պատերն անգամ ինձ ուժ են տալիս ։
Առաջին քայլերս դեպի եկեղեցի անսպասելիորեն արագ էին։ Անհանգիստ էի և խաղաղվեցի միայն այն ժամանակ, երբ մտա Աստծո տուն։ Երկար մնացի այնտեղ և դուրս եկա ավելի հանգստացած։ Եկեղեցու բակից դեռ դուրս չէի եկել, երբ նկատեցի, որ կախազարդս չկա։ Երկար փնտրելուց հետո ինչ-որ մեկը ձայն տվեց։ Շրջվեցի և տեսա զինվորական համազգեստով, կիսով չափ գանգուր մազերով մի տղայի։ Սկզբում բարևեց, հետո ձեռքը մեկնելով, ցույց տվեց կախազարդը և հարցրեց .
– Սա՞ ես փնտրում։
Չգիտեմ` ինչու լռեցի։ Հայացքս մի պահ ընկավ նրա` ծովի պես կապույտ աչքերին։ Այնքա՜ն կյանք կար նրա աչքերում։
Նա հարցը ևս մեկ անգամ կրկնեց, և ես շփոթված պատասխանեցի.
– Այո, շնորհակալություն, որ գտել եք, կտա՞ք ։
Ժպտաց, ափիս մեջ դրեց կախազարդը և ասաց.
– Սա մեզ կապեց, քեզ մի խնդրանք ունեմ. հաջորդ տարի այս օրը, այս ժամին արի այստեղ։ Ես էլ կգամ, որ…
Խոսքը դեռ չէր ավարտել, երբ ընդհատեցի .
– Կներեք, չեմ կարող։ Ես պետք է գնամ ։
– Սպասի’ր, – մոտենալով ինձ ասաց, – նայի՛ր այն ճախրող թռչունին։ Տեսնու՞մ ես հիմա նա այստեղ է… Ես նրան շատ նման եմ… Ես զինվոր եմ, ամեն պահի կարող եմ և՛ լինել և՛ չլինել։ Իմացի՛ր, եթե պետք լինի, կյանքս էլ կտամ Հայրենիքիս և Ձեզ համար: Ես չեմ կարող խոստանալ, որ հաստատ կգամ, բայց դու սպասի՛ր մեր հանդիպմանը։ Եթե գամ, ուրախ կլինեմ քեզ տեսնել, իսկ եթե չգամ, ների՛ր ինձ…
Տխուր հայացքով վերջին անգամ նայեց ինձ, ժպտաց և գնաց։ Նրա մեջ խորհրադավոր մի բան կար, բայց թե ինչ, չհասկացա։
Անցան օրեր, շաբաթներ, չէի դադարում մտածել նրա մասին։ Նրա խոսքերը շարունակ թմբկահարում էր ուղեղս։
Մտքերիս հաջորդեցին անհանգստությունը, հետո` վախերը։
Դարձյալ քայլերս ինձ եկեղեցի տարան։ Եկեղեցի մտնելուն պես ամեն ինչ մռայլվեց։ Օդը դարձավ ծանր, արևը չքացավ։ Տարօրինակ մի բան ճնշում էր ներսս։
Մարդկանց քարացած աչքերից, նրանց դառը խոսքերից հասկացել էի արդեն, որ երկրումս պատերազմ էր։ Թշնամին հարձակվել էր, տղերքը չկային…
Քարացած քայլում էի ու մտածում .
«Մեզ էլի կոտրեցին, էլի տղերքի արյունով լցվեց երկիրը, էլի տղերքը անմահացան։ Ախր նրանք մեզ հերոսացած պետք չեն, նրանց շքանշանները, նրանց կոչումները մեզ պետք չեն։ Մեզ մեր տղերքն են պետք, նրանք մեր կողքին պիտի լինեն, ոչ թե միայն մեր հուշերում։
Երկինքն անձրևում էր։ Նա էլ էր մեզ նման կոտրված։ Ես շարունակում էի քայլել և մտածել. «Անարդար բարքեր ,արյունոտ հայրենիք, զոհված տղերք, կոտրված մարդիկ … Տե’ր ,դեռ ինչքա՞ն պետք է այս ամենը շարունակվի, մի՞թե այս ամենին վերջ չկա… »:
Դեռ եկեղեցում էի։ Ամբողջովին թրջվել էի, բայց չէի ուզում տուն գնալ։ Աչքերս դեպի երկինքն էր, խաղաղություն էի փնտրում։
Մեր հայացքը հազար անգամ հառնում է երկնքին, փնտրում է հարցերի պատասխանները, սակայն հազար ու ավելի անգամ մեր աչքերը դանդաղ արցունքոտված իջնում են` անպատասխան ու դառը ցավով…
Մտորումների մեջ էի, երբ հեռվում նկատեցի մի թռչուն, մոտեցա, և իսկույն ճչալով ետ գնացի. միտքս եկան տղայի խոսքերը.
«Ես այս թռչունին նման եմ, եթե չգամ, ների’ր ինձ …»:
Մի նախադասություն, որի իմաստը ասելու պահին չէի հասկացել ու երբ հասկանում էի, սրտիցս արյուն էր կաթում։ Չէի ուզում հավատալ, բայց թռչունի անշնչացած մարմինը փաստում էր դա։
Տղան զոհվել էր …
Եթե ես իմանայի, որ առաջին ու վերջին անգամ էի տեսնում նրան, կփորձեի հիշել նրա դեմքը, նրա քայլվածքը, այն ամենը, ինչ կապված էր նրա հետ։ Եվ եթե ես իմանայի, որ որպես առաջին բարև նրան վերջինն եմ բարևելու, ես իմ բարևը կգունավորեի, ես նրան կժպտայի ու գուցե հաղթեինք երկուսս էլ` նա իրական պատերազմում, ես` հոգուս կռիվներում։
Ինձ նրանից մի հուշ մնաց` կանաչ համազգեստով, կապույտ աչքերով ու բարի ժպիտով։ Ես նրա կապույտ աչքերում խաղաղություն էի գտել, բայց նրան կորցրեցի պատերազմում…
Add Comment