Մայրը, հինգ ամյա որդու ձեռքը բռնած, դուրս էր գալիս անմահների գերեզմանոցից։ Քայլելով հասան Երևանի բարձր կետերից մեկը, նստեցին գետնին ու սկսեցին նայել քաղաքին, որտեղ իրենց այդքան ապահով ու պաշտպանված էին զգում։ Հեռու էին մեքենաները, լռություն էր, չհաշված որդու խոսելը․․․ Անընդհատ հարցեր էր տալիս․
– Մա՛,- ասաց,- ովքե՞ր են էս աստղերը ու ինչի՞ են էսքան շատ։
– Նրանք մեր մահացած բարեկամները, հարազատներն ու ընկերներն են, որդի՛ս։ Նրանք բարձրացել են երկինք, աստղ դարձել, որ երկնքից հետևեն մեզ, մեզ հետ լինեն՝ առանց մեր գիտակցության։ Ու նրանք կան, քանի դեռ հիշում ենք իրենց։
Անընդհատ հարցեր էր տալիս, հայրիկի մասին հարցնում, հետաքրքրվում՝ որտեղ է, ինչու՞ իրենց հետ չէ, ու՞ր է գնացել, չի՞ գալու արդյոք, ու հարցնում էր, թե ինչու՞ են անընդհատ հայրիկի նկարի մոտ գնում, այլ ոչ հենց հայրիկի։ Բայց մայրը լռում էր․․․
Մեկ շաբաթ անցավ․․․ Աստղերը գնալով շատանում էին․․․ Նրանք նորից նույն տեղում էին՝ Երևանի բարձր կետում։ Նայում էին Երևանին․․․
– Մա՛, նայի՛ր, աստղերն ինչքան են շատացել․․․ Բայց․․․ Մա՛մ․․․ Պապան չեկավ․․․
– Որդի՛ս, հայրդ հերոս է,- համարձակություն հավաքած վերջապես խոսեց,- նա և իր զինակիցները պաշտպանեցին մեզ իրենց կյանքի գնով․․․
– Մա՛մ, պապան էլ աստղ դարձա՞վ։
– Հա՛, որդի՛ս, աստղերից մեկը հայրդ է․․․ Նա էլ անմահացավ հանուն ազգի՝ հա՛յ ազգի, հա՛յ մանուկի, հայո՛ց հողի․․․
– Մա՛մ, երբ պապային վերջին անգամ տեսա՝ գնում էր ինչ որ տեղ՝ էն գեղեցիկ կանաչ հագուստով․․․ Դու լաց էիր լինում, ասում էիր, որ վախենում ես, չես ուզում, որ եղբորդ պատմությունը կրկնվի․․․ Ես գիտեմ, որ չէիր ցանկանա, որ լսեի այդ ամենը, դրա պատճառով դռան արանքից այդքանը լսելուց հետո վազեցի իմ սենյակ, որ չլսեմ, հետո հայրիկը եկավ, գրկեց ինձ, խնդրեց խոստանալ, որ միշտ կպաշտպանեմ քեզ, կլինեմ արժանի զավակ թե՛ քո, թե՛ հայրենիքիս համար․․․ Մա՛մ, կասե՞ս ինչ է եղել քո եղբորը, իր նկարը ես միշտ տեսնում եմ մեր տանը, բայց իր մասին ինձ երբեք չեք պատմում․․․
Մայրը չկարողացավ զսպել արցունքները․․․ Բայց նաև չկարողացավ մերժել որդուն ու սկսեց պատմել․
– 2016 թվականն էր․․․ Պատերազմ էր․․․ Մարտիկները կյանքի ու մահվան կռիվ էին տալիս։ Աշոտը՝ քեռիդ, ով առաջիններից էր մեկնել մարտի դաշտ, ծանր վիրավորվել էր։ Ընկերները նրան հիվանդանոց էին տանում, բայց ճանապարհին Աշոտը խնդրեց իրեն տանել այն փոքրիկ դաշտը, ուր ինքը մանկուց շատ էր եղել․․․
Որոշ ժամանակ անց Աշոտն արդեն այնտեղ էր․․․ Երկնքին նայելուց բացի ուրիշ ոչինչ չէր անում․․․Վերջին րոպեներն էին իր կյանքի․․․ Մեղմ քամի էր․․․ Լուրը եկավ, որ պատերազմն ավարտվել է․․․Այդ լուրն իմանալուց հետո քեռիդ վերջին անգամ ընդունեց մեղմ քամու զով համբույրը և ասաց․ «Հայրենիքս խաղաղվեց․․․»:
Սրանք եղան քո քաջ քեռու վերջին խոսքերը, տղա՛ս․․․
Մոր արցունքները առանց իրար հերթ տալու գլորվում էին նրա տխուր ու սև աչքերից․․․ Որդին մոտեցավ մորն ու ամուր գրկեց․
– Մա՛մ, մի՛ լացիր, ես հորս տված խոստումը կատարելու եմ․ ես քեզ միշտ կպաշտպանեմ․․․
Անցավ ևս 3 շաբաթ։ Նորից նույն տեղում, նորից երկուսով։ Լսվեց որդու ձայնը։
– Մա՜մ, կարոտել եմ․․․ Ի՞նչ անեմ։
– Որդի՛ս, արի ուղղակի լռենք, նայենք երկնքին ու լռենք․․․ Թույլ տանք, որ լռությունը խոսի․․․Լռության ձայնը շատ ավելի խորիմաստ, բովանդակալից ու անկեղծ է, քան շատ ու շատ խոսքերով լցված անիմաստ ու կեղծ արտահայտությունները․․․
– Ուղղակի լռե՞նք։
– Ըհմ, ուղղակի լռենք․․․
Էլ ոչինչ չլսվեց․․․
Դարձավ սովորություն․ շաբաթվա մեջ մի քանի անգամ գնում էին եռաբլուր՝ անմահ հերոսների մոտ, հետո ոտքով գնում այդքան հարազատ վայրը․․․ Ու․․․ Լռում․․․ Լռում ու լսում լռության ձայնը․․․
Add Comment