«Քեզ հետ» – Սիլվի Ստեփանյան

«Քեզ հետ» – Սիլվի Ստեփանյան

Արդեն տասը րոպե գրիչը բռնել եմ մատներովս և չգիտեմ ինչպես սկսել նամակս։ Սենյակիս լույսը հատուկ չեմ միացրել, միակ լուսավորությունը գալիս է համակարգչիցս ու պատերիս աստղերի թեթև ֆոսֆորից։ Լսում եմ սիրելի ռոք խմբիդ սիրելի երգս ու փորձում զգալ ներկայությունդ։ Պատուհանս բաց է, քամին շոյում է մազերս։ Անշունչ, անկարևոր ու ամեն տեղ ինձ հետապնդող սառը քամին։ Քեզ նման։ Առաջ։ Ամեն ինչ փոխվեց իմ անտարբերությունից․ համենայն դեպս դու էիր էդպես մտածում։ Սիգարետը բերանումս կարդում եմ սեփական նամակներս։ Ծուխը մռմռացնում է աչքերս։ Թոքերս լցվում են նիկոտինով, մահանում է հերթական ծխախոտը, շունչս՝ կենդանանում։ Կոպերս ծանրանում են, զգում եմ հաճելի թուլություն դեմքիս վրա, բերանս կիսաբաց բաց եմ թողնում ծուխը։ Մտածում եմ՝ կզզվեիր հոտից։ Երբ ծանոթացանք սիրում էիր Հայաստանը․ տղա, որը պատրաստ էր ապրել հանուն հայրենիքի։ Չմեռնել։ Ապրել։
Անդադար խոսում էիր հողի քաղցրության ու օդի մաքրության մասին։
*Առավոտյան ժամը հինգն է, կանգնած ենք պատշգամբում։ Օդը կանգնած է։ Մտածմունքով նայում ես երկնքին, հայացքդ թեքում ես ինձ վրա։
– Նայիր այս արևածագին, – ասում ես, – սա աշխարհի 8-րդ հրաշալիքն է, հանուն սրա արժի ապրել։ Ամեն առավոտ արթնանալ և վայելել այն, վայելել երաժշտությունը, ազատությունը։ Երջանիկ կյանքի համար մարդիկ պետք չեն, հավատա ինձ։*
Հիմա, երբ մարդիկ հարցնում են թե ինչն է ինձ համար հայրենիքը, ասում եմ՝ արևածագը կամ տալիս եմ անունդ։ Ստանում եմ համարյա միշտ նույն արձագանքը՝ զարմացած դեմքեր, ծամածռված միմիկաներ ու հիասթափված աչքեր։ Նրանք պարզապես չգիտեն քեզ, ինձ էլ խելագար են համարում։
Հիշում ես, ավելի փոքր էի, միակ նպատակս էր ավարտել դպրոցը, լքել հայրենիքը և գտնել ազատություն։ Ամեն ինչ փոխվեց մի բարևից հետո։
Ազատությունը հայրենիքն է։ Մեզ ընդամենը խանգարում են մարդիկ։ Միշտ մտածում էի, որ եթե նախկին կյանքեր լինեին, ապա դու Նժդեհի կյանքն ապրած կլինեիր։ Չէի բարձրաձայնում մտքերս, մտածում էի, որ շատ հիմար է հնչում, իսկ հիմա արդեն անիմաստ է։ Արդեն էլ չենք խոսում։ Ուզում եմ բոլոր ծանոթներիս, ընկերներիս, պատահական փողոցում հանդիպած անցորդներին պատմել հայրենիքի մասին։ Խոսելով դրա մասին, կխոսեմ քո մասին։ Եթե հայրենիքում քեզ պես լինեին գոնե հարյուրը, այնքան բան կփոխվեր։ Ընկել եմ մտածմունքներով և գիտակցում եմ, որ փոխել ես գլուխս։ Հետաքրքիր է ինձնից բացի քանի մարդիկ են փոխվել և ընդունել հայրենիքը։ Իսկ հիմա ես եմ փոխում նրանց, առանց ջանքի։ Հայրենիքի նկատմամբ սերը վիրուս է։ Քովիդի նման։ Եկար, ինձ վարակեցիր։ Շղթան շարունակվում է։ Եթե այս համեմամատության մասին ասեի քեզ, կծաղրեիր ինձ։
Գրում եմ նամակս, իմանալով, որ չեմ ուղարկելու։ Կոկիկ կծալեմ, կպահեմ մյուս անհասցե նամակներիս հետ։ Եթե ուղարկեմ էլ հասցեատերը կլինի մայրդ, նրա աչքերը կրկին կթրջվեն քո մասին հիշողություններից։
Իմ ապրելու հերթն է։ 

***

Անցել են տարիներ։ Կարդում եմ իմ կողմից գրված անհասցե նամակներն ու հասկանում, որ խելագար դեռասահասություն եմ ունեցել։ Եթե լինեի ֆիլմում, իսկ ես այնտեղ չեմ, ամեն ինչ երևի ավելի իրական կթվար։
Դժվարությամբ գտնում եմ հասցեն և տեսնում գերեզմանաքարդ, որը կհամարեիր անիմաստ եթե իմանայիր դրա մասին։ Օդը սառն է, մատներս ցրտահարվել են, քիթս՝ կարմրել։ Ցուցամատիս ծայրով դիպչում եմ սառը ձյանը և նույն պահին փոշմանում։ Ճերմակ ձյունը կպնելով տաք մաշկիս հալվում է։ Զգուշությամբ մաքրում եմ ձյան շերտը քարի վրայից և կարդում ինձ ծանոթ ու հարազատ անուն ազգանունը։ Անիծյալ 2002-2021 թվերը սուր ասեղի պես ծակում են կրծքավանդակս։
Ծնկներս սկսում են դողալ, անտարբեր նստում եմ ցեխի վրա և նայում մի կետի։ Հասկանում եմ, որ դավաճանը միայն դու չէիր։ Երբ թողեցի հայրենիքը դավաճան դարձա նաև ես։ Քո դավաճանությունն իմ նկատմամբ էր։ Մեռար, թողեցիր ինձ, իսկ հայրենիքը․․․ դու միշտ նրա հետ ես։ Շուրթերս սկսում են դողալ, մարմինս անզգացայած է, ձեռքերով փակում եմ աչքերս, շոյում եմ ուսերս և մտածում, որ այլ մարդ է անում դա։ Սկսում եմ ողբալ և խփել կրծքավանդակիս, պոկել մազերս։ Իսկական թշվառի տեսք ունեմ կողքից։ Մտածում եմ, որ կհասկանայիր ինձ կամ գոնե կփորձեիր։ Կներեի՞ր դավաճանությունս։
Գլխումս միտք է ծագում, որ հայրենիքը լքելուս պատճառը եղել ես դու, հետո հիշում եմ, որ հայրենիքը հենց դու էիր։ Խառնաշփոթ է գլխումս։ Քաոս։ Հիասթափություններ։ Էմոցիաներ, չապրած և արհամարհված էմոցիաներ։ 

Արցունքներս չորացել են այտերիս վրա, թշվառ երեխայի տեսք ունեմ։ Արդեն ավելի հանգիստ ձևով նստել եմ գետնին։ Մատներս մցնում եմ հողի մեջ, հողը լցվում է եղունգներիս տակ և անփույթ տեսք տալիս խնամված մատներիս։ Պոկում եմ ձյան տակի խոտը, քսում եմ հագուստիս, դեմքիս։ Ինչ-որ ձայն գլխումս գոռում է, որ խելագարվել եմ, բայց շարունակում եմ հանգիստ նստել։ Ուսումնասիրում եմ կապույտ երկինքը և փորձում ասոցացնել քեզ հետ։ Հաստատ գժվել եմ։ Անգիտակցաբար ժպտում եմ, երբ հիշում եմ քեզ Կաֆկա կարդալիս։ Կանտի մասին խոսելիս գլուխդ դնում էիր ծնկներիս և ուշադիր նայում առաստաղին, թվում էր՝ այնտեղ հետաքրքիր բան կա, որը չեմ նկատել։
Նայում եմ դատարկ ձեռքերիս և հիշում, որ նույնիսկ ծաղիկներ չեմ բերել քեզ համար, հարգել եմ խնդրանքդ։ Ծաղիկներն ափսոս են։ Նամակներս դնում եմ մեր հին ու անտանելի հոտով տուփի մեջ և փորձում պահել թաց հողի տակ։ Նամակներն են հասցե գտել, թե՞ ես եմ ազատվում թունավոր հիշողություններից։
Երևի երկուսը միաժամանակ։ 

Նստում եմ մաքուր ձյան վրա և փորձում եմ վերադառնալ իրականություն։ Ամեն ինչ մեռած չէ։ Բնությունը, հողը, օդը, դրանց մի մասը դու ես։ Գուցե փորձում եմ ինձ հույս տալ, թող այդպես լինի։ Հայրենիքը դու ես։ Զգում եմ, որ ցանկանում եմ ապրել, գոնե այդ փոքր մասի համար։ 

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *